Աբովյան- Հերացի փողոցների խաչմերուկում այսօր ժամը 14։30-ի սահմաններում վթարի է ենթարկվել թիվ 1 երթուղին սպասարկող տրոյելբուսը։ Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ տրոլեյբուսում եղել է 11 ուղևոր, տուժել են 9-ը:
Տրոլեյբուսի վարորդը, որը դեպքի վայրում էր, հրաժարվեց հարցազրույց տալուց։ Փոխարենը մանրամասներ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետը։ Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ Մյասնիկյան պողոտայից իջնելիս հոսանքալարերից անջատվել են տրոլեյբուսը սնուցող մետաղաձողերը, ու երբ վարորդը փորձել է շտկել իրավիճակը, կորցրել է կառավարումն ու արդյունքում տրոլեյբուսը բախվել է ճամփեզրի բետոնե բաժանարարին։
«Վարորդը չի հասցրել նստի, որպեսզի արգելակում անի», - պատմեց Հենրիկ Նավասարդյանը: - «Եկեք ես իրավապահներից առաջ չընկնեմ, բայց որ կա վարորդի անփութություն՝ դա կա»:
Դեպքի ականատեսներից մեկը «Ազատությանը» պատմեց, որ նախ լսել է հարվածի ուժեղ ձայնն ու շտապել օգնության։ Նրա խոսքով՝ կիսաշրջված տրոլեյբուսից ուղևորներին դուրս են բերել դռները կոտրելուց հետո։
Թե ինչն է եղել վթարի պատճառն ու ով է մեղավորը կպարզի հետաքննությունը՝ «Ազատությանն» ասաց դեպքի վայրում աշխատող Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա հավելյալ ինֆորմացիա չտրամադրեց։
Վթարի վայրում էր նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրենը, որի ղեկավարծ հիմնարկի կազմում է գործում վթարված տրանսպորտային միջոցը։ Հարություն Երեմյանի խոսքով՝ այս տրոլեյբուսը շահագործվում է 2008 թվականից և գտնվել է նորմալ տեխնիկական վիճակում։
«Ամեն օր տեխստուգում է անցնում տրոլեյբուսը աշխատանքից հետո», - նշեց Հարություն Երեմյանը:
Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել են թիվ մեկ համալսարանական հիվանդանոց։ Նրանից 2-ը, որոնք 21 և 29 տարեկան երիտասարդներ են, հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ երեկոյան հնարավոր է դուրս գրվեն։ Ինչ վերաբերում է մյուս 4-ին, ապա նրանց վիճակը կայուն ծանր է։ Արեն Բաբլումյանը վստահեցրեց, որ հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում, բայց նշեց՝ լուրջ վնասվածք ունի նաև 3 կանանցից մեկը։
Եվս 3 վիրավոր՝ 2 տղամարդ և 1 կին, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Տնօրեն Արա Մինասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նրանց վիճակը միջին ծանրության է, ունեն ոտքերի և ձեռքերի վնասվածքներ։