Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետը համոզված է, որ Վերնիսաժի սպանությունը կարճ ժամանակում կբացահայտվի


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վերջերս Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների առնչությամբ հաստատում է, որ ճանաչում է սպանության ալավերդցի մասնակիցներին, սակայն պնդում է, որ որևէ կապ չունի և չի ունեցել նրանց հետ։

«Իմ կապը երևի միայն ալավերդցի լինելն է: Ինձ որևէ մի ալավերդցի, հատկապես Սարահարթ թաղամասում ապրող, չի կարող համոզել, որ ինքը ուղղակի չի ճանաչում: Բացառվում ա», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նալբանդյանը:

8 տարի առաջ, երբ դեռ Արթուր Նալբանդյանը Ալավերդու քաղաքապետն էր, քաղաքի ամենամարդաշատ վայրում հրազենային կրակոցով սպանություն տեղի ունեցավ։ Դրան հաջորդեցին այլ սպանություններ ու մահափորձեր, որոնց մասնակիցները կապված էին մեկը մյուսի հետ։ Ակնհայտորեն վրեժխնդրություն ենթադրող այդ սպանությունների հիմնական մասը կապվում էր Ալավերդիում որպես քրեական հեղինակություն հայտնի Վահագն Աբգարյանի անվան հետ, ով մոտ մեկ ամիս առաջ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետևանքով ծանր վիրավորվել էր։

«Ազատության» հարցին, թե արդյոք կրակոցները չեն շարունակվի և քննչական մարմինների կանխարգելիչ միջոցառումները բավարար են, Լոռու մարզպետարանի աշխատակազմի՝ ասուլիսին ներկա անդամները զայրույթով արձագանքեցին, իսկ մարզպետը չեզոք պատասխան տվեց․ - «Ցանկացած համայնքում նման տհաճ դեպք ինձ իհարկե անհանգստացնում է: Չափից դուս է անհանգստացնում․․․ Անհանգստացած լինելով՝ ես համոզված եմ, որ իրավապահները շատ կարճ ժամանակում կգտնեն նաև մասնակիցներին, ու ամեն ինչ կբացահայտվի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Ալավերդցի Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը հետախուզման մեջ են։

«Հետք» էլեկտրոնային պարբերականի տվյալներով, Ալբերտ Բլբուլյանը Վերնիսաժի մոտ վիրավորված Վահագն Աբգարյանի նկատմամբ դեռ սրանից 10 տարի դարձյալ մահափորձ էր իրականացրել։ Արմեն Կարադավիդովի մորեղբայրներից մեկը 2009 թվականին սպանվել է, մյուսը՝ պատասխան սպանության համար այժմ բանտում է։

Մարզպետը հերքեց նաև մամուլի այն պնդումները, թե այս սպանություններն առնչություն ունեն Ալավերդու քաղաքապետի 2015 թվականին կայացած ընտրությունների հետ, որոնց ևս այդ քաղաքում հաջորդեցին սպանություններ։

Ի դեպ, ընտրություններից ընդամենը 2 տարի անց Ալավերդին կրկին կընտրի արդեն խոշորացած համայնքի ղեկավար։ Որպես հնարավոր թեկնածուներ, արդեն շրջանառվում են գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի և Ալավերդիում պղնձարտադրությամբ զբաղվող «Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանի զարմուհու՝ Լուսինե Մեջլումյանի անունները, ով Հանրապետական կուսակցության ցուցակով մասնակցել է նաև խորհրդարանական ընտրություններին:

Այսօր հրավիրած ասուլիսում մարզպետ Արթուր Նալբանդյանը բացառեց, որ Հանրապետականը կարող է երկու թեկնածու ունենալ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում․ - «Ես վստահ եմ, որ երկու Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու միաժամանակ թեկնածությունները չեն առաջադրի: Կառաջադրվի այն թեկնածուն, ում Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավանության կարժանացնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG