Սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայացած հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել անկախ պետության հռչակմանը: Հանրաքվեի պաշտոնական արդյունքները չորեքշաբթի երեկոյան Էրբիլում հրապարակեց Քուրդիստանի ինքնավար երկրամասի Ընտրական բարձրագույն անկախ հանձնաժողովի նախագահ Հինդրին Մոհամեդը:
«Այս պատմական պահին ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել Քուրդիստանում և դրա սահմաններից դուրս գտնվող քրդաբնակ շրջաններում անցկացված հանրաքվեի անխափան անցկացման առթիվ: Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող անձանց 72 տոկոսը: Վավեր քվեաթերթիկների թիվն է 2 միլիոն 385 հազար: Դրանց 92․73 տոկոսը տրվել է անկախության օգտին, 7․7 տոկոսը` դեմ», - հայտարարում էր Քուրդիստանի ընտրական հանձնաժողովի նախագահը:
Հանրաքվեի պաշտոնական արդյունքները ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ Քուրդիստանի Վերաքննիչ դատարանը պաշտոնապես կհաստատի դրանք: Մինչ այդ, սակայն, քրդական իշխանություններին հարկավոր է լինելու դիմակայել հարևան պետությունների ճնշմանն ու կենտրոնական իշխանությունների` մեկը մյուսին հաջորդող վերջնագրերին:
Այն նույն ժամերին, երբ Քուրդիստանի ընտրական հանձնաժողովը հրապարակում էր հանրաքվեի պաշտոնական արդյունքները, Բաղդադում լիագումար նիստ էր հրավիրել Իրաքի խորհրդարանը: Իրաքցի օրենսդիրները վարչապետ Հայդեր ալ-Աբադիի կառավարությանը օժտեցին Քուրդիստանի տարածք զորքեր ուղարկելու իրավունքով:
«Զինված ուժերի գլխավոր հրամանատար հանդիսացող վարչապետը, օգտվելով Իրաքի Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված բոլոր իրավունքներից, պետք է քայլեր ձեռնարկի երկրի միասնականությունը պաշտպանելու համար: Նա պետք է հրամայի անվտանգության ուժերին վերահսկողություն սահմանել բոլոր վիճելի շրջանների հանդեպ` ներառյալ Քիրքուքը», - օրենսդիրների կայացրած որոշումն էր ընթերցում Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ ալ-Ջաբուրին:
Այս պահին գոնե ակնհայտ է, որ Բաղդադի և Էրբիլի միջև առկա հիմնական տարաձայնությունները վերաբերում են այն տարածքներին, որոնք ֆորմալ առումով գտնվում են Քուրդիստանի ինքնավարության սահմաններից դուրս, սակայն 2014-ի ամռանից վերահսկվում են քրդական ստորաբաժանումների կողմից: Քրդական ուժերը այդ շրջաններ մուտք գործեցին երեք տարի առաջ «Իսլամական պետություն» խմբավորման արձանագրած աննախադեպ հաջողությունների ֆոնին` Մոսուլի գրավումից անմիջապես հետո: Քրդերը համոզված են, որ միայն իրենց այդ քայլը կանխեց նավթով հարուստ Քիրքուքի շրջանի անցումը իսլամիստների վերահսկողության ներքո:
Իրաքի խորհրդարանը իր 8-կետանոց որոշման մեջ չորեքշաբթի օրը նաև դիմեց հարևան պետություններին` քրդական երկրամասը կատարյալ շրջափակման ենթարկելու փաստացի կոչով:
«Հարկավոր է փակել այն բոլոր սահմանային անցակետերը, որոնք չեն ենթարկվում դաշնային կառավարությանը: Այդ անցակետերով ապրանքների շրջանառությունը պետք է դիտարկվի որպես մաքսանենգություն: Դիմում ենք հարևան պետություններին, որպեսզի նրանք օժանդակեն Իրաքի կառավարությանը` այս քայլերը կյանքի կոչելու գործում», - նշում էր Իրաքի խորհրդարանի խոսնակը: