Պետբյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել և նախկին պաշտոնյան այսօր ազատ է արձակվել։
Նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ո՞րն է Խաչիկյանին ազատ արձակելու հիմքը, ասաց՝ հրամանագիրը գաղտնի է, ուստի պարտադիր հրապարակման ենթակա չէ։ - «Համաներում լիազորված է շնորհել Հանրապետության նախագահը», - նշեց Հակոբյանը:
Նախկին հանրապետական պաշտոնյա Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար։
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» ասացին, որ «Խաչիկյանը ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով»։ Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2012-ին կալանավորված, ապա 2014-ին 12 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» է ազատ արձակվել՝ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը խորհուրդ տվեց նախկին պաշտոնյայից հարցնել։
Այսօր կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ րոպեներ առաջ է տեղեկացել Խաչիկյանի ազատ արձակման մասին, մանրամասներին տեղյակ չէ, սակայն նշեց՝ ներում շնորհելու խնդիրը Սահմանադրությամբ է կարգավորվում, ներում հայցելն էլ մարդու իրավունքն է։ Նախարարը վստահեցրեց՝ ազատ արձակելուց առաջ բազում գործոններ են հաշվի առնվում և վերլուծության ենթարկվում: Հարությունյանի խոսքով, ներման շնորհման ակտը կարող է լինել բազմապիսի՝ ազատ արձակել պատժի կրումից, կամ ազատազրկման ժամկետը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով, կամ նվազեցնել ազատազրկման ժամանակահատվածը, այլ կերպ ասած՝ իրավական տեսակետից միանգամայն հնարավոր է, որ Վազգեն Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել:
«Այսինքն, կան տարբեր հնարավոր ներման եղանակներ», - շարունակեց նախարարը: - «Եթե որոշում է կայացվել նվազեցնել ազատազրկման ժամանակը, ապա անձի պատիժը արդեն համարվում է նվազեցված»:
Համաձայն Սահմանադրության 135-րդ հոդվածի՝ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը»:
Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս թեմայով ավելի ուշ կխոսեն։
Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը փոխանցեց, որ նախկին պաշտպանյալի ազատ արձակման մասին տեղյակ չէ։
Իշխող Հանրապետականի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Խաչիկյանի գործով դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո նա հեռացվել է կուսակցությունից, բայց հավելեց՝ եթե ցանկանա վերականգնել անդամակցությունը Հանրապետականին, ապա պատրաստ են քննարկել հարցը։
Մոտ երկու տարի ձգված դատավարության ավարտին Խաչիկյանը այդպես էլ չընդունեց մեղադրանքը։ Չնայած դրան դատարանը որոշեց Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահից բռնագանձել 170 միլիոն դրամ։ Դատապարտվեցին նաև Խաչիկյանի 12 ենթակաները, սակայն նրանցից 8-ի նկատմամբ որոշվեց պատիժը կիրառել պայմանական։