Մատչելիության հղումներ

Մարուքյան․ Վախենում են որևէ պրոցեսից, որը կապված է ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ


Հայաստանի իշխանությունները վախենում են որևէ դեբատից, որևէ քննարկումից, որևէ պրոցեսից, որը կապված է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) երկրի դուրս գալու, երկրի ինքնիշխանությունը վերադարձնելու և Հայաստանը որպես պետություն զարգացնելու հետ: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասներն ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախաձեռնության մերժումը արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից:

«Իրենք դեմ քվեարկեցին ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Գիտե՞ք, այդ ժամանակավոր հանձնաժողովում, ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի, լինելու էին տասը անդամներ՝ հինգը՝ Հանրապետական կուսակցությունից, երեքը՝ «Ծառուկյան» դաշինքից, մեկը՝ Դաշնակցությունից, և մեկը՝ «Ելք»-ից, այսինքն՝ ինը անդամ լինելու էր պրո-ԵԱՏՄ-ական, և մեկ անդամ ԵԱՏՄ-ից դուրս գալու ջատագով էր լինելու: Եվ իրենք վախեցան այդպիսի հանձնաժողով ստեղծել», - շեշտեց Մարուքյանը:

«Ծառուկյան» դաշինքի պնդմանը, որ «Ելք»-ը նախապես պետք է համաձայնեցներ, քննարկեր մյուս ուժերի հետ, հետո ներկայացներ նման նախագիծ, ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց․ - «Ես կարծում եմ՝ դիրքորոշումները հստակ պետք է լինեն, և մենք չպետք է մահանա ընտրենք, թե որս ինչի համար ենք ինչ հարցին դեմ: Ի սկզբանե էլ պարզ էր, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է լինելու այս նախաձեռնությանը, և դեմ են քվեարկել»:

Իշխող Հանրապետականի հայտարարությանն էլ, թե սա շոու է, և «Ելք»-ն է՛լ արդեն գիտի, որ դա տապալված նախագիծ է, Մարուքյանը այսպես արձագանքեց․ - «Այդ մոտեցմամբ՝ կարելի է մտածել, որ ցանկացած նախաձեռնություն, որ ընդդիմությունը ներկայացնում է, արդեն պետք է ի սկզբանե իմանաս, որ դա տապալված է, և որևէ փոփոխության համար չպայքարես»:

«Մենք քաղաքական պրոցես ենք սկսել: Պրոցեսը ունի էտապներ, ունի հանգրվաններ, և այդ հանգրվաններով մենք անցնելու ենք: Եվ իրենց համար միգուցե պարզ չէ, թե այս պրոցեսի որ հանգրվանում են իրենք գտնվում և որ հանգրվանն է տապալվում, որտեղ՝ չի տապալվում, ես Ձեզ պետք է ասեմ, որ այն, ինչ մենք անում ենք, մենք կոնկրետ մեր արած գործում հաջողված ենք», - վստահեցրեց «Ելք»-ի պատգամավորը՝ շարունակելով․ - «Այսօր մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, այս քննարկումները առաջին հերթին մեր քաղաքացիների համար են, քաղաքացիներն են որոշում՝ մենք ինչ անենք և ինչպես անենք, և մինչ օրս Հայաստանի քաղաքացիները իրազեկված չեն եղել, թե որն է լավը՝ ԵԱՏՄ-ը, թե [Եվրամիության հետ] Ասոցացման համաձայնագիրը, կամ երբ որ ԵԱՏՄ ենք մենք անդամագրվել, ինչ ենք կորցրել: Այս քննարկումները նաև դրա համար են, և մենք մեր գործը անում ենք»:

«Մենք ԵԱՏՄ մտնելով շատ մեծ բան ենք կորցրել՝ մենք կորցրել ենք մեր ազատությունը, տնտեսական ազատությունը, Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունը եվրոպական Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, և գիտեք՝ դրա հետ նաև կար Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը: Եվ երբ մենք ասում ենք, որ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ, մենք այլընտրանքը դրա հետ ներկայացնում ենք, մենք չենք ասում՝ պետք է դուրս գալ և մեկուսանալ բոլորից: Մենք ասում ենք՝ դրա այլընտրանքը Ասոցացման համաձայնագիրն է՝ 500-միլիոնանոց շուկան է, ներդրումները Եվրոպական միությունից Հայաստան եկող և Հայաստանի տնտեսությունը և քաղաքական համակարգի զարգացման հնարավորությունը, որի արդյունքում նաև Հայաստանի ռազմաարդյունաբերությունը կարող է զարգանալ, բանակը՝ հզորանալ․ սա մեր անվտանգության հարցն է նաև», - շեշտեց Մարուքյանը:

«Եվ նաև մենք ասում ենք, որ այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք անդամագրվել ենք, մենք ռեգրես ենք ապրել՝ փաստացի՝ տվյալներով, թվերով այդ ամեն ինչը ներկայացրել ենք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG