Մատչելիության հղումներ

Խանջյան գյուղի բնակիչներն առաջարկել են սակավաջրության հարցի լուծման իրենց տարբերակը


Արմավիրի մարզի Խանջյան գյուղում ոռոգման խնդիր կա։ Գյուղացիների խոսքով՝ մոտ երկու ամիս է բերքը ջուր չի տեսել։

Լոբի ու վարունգ մշակող Մարինե Աղաջանյանը ցույց է տալիս, թե ինչպես է պտուղը թփի վրա դեղնել ու թոռոմել․ - «Օգոստոսի 7-ին եմ վերջին անգամ ջրել»։

Երաշտի պատճառով այս տարի Ազգային ժողովի որոշմամբ Սևանից հավելյալ 100 մլն խորանարդ մետրի ջրառ արվեց՝ հասցնելով այն 270 մլն խորանարդ մետրի։ Սակայն Խանջյան գյուղը Սևանից բաց թողնված ջրից չի օգտվում։ Հողն այս կողմերում ոռոգում են Ախուրյանի ջրամբարից, որտեղ գրեթե ջուր չի մնացել։ Դա է հավաստում սեպտեմբերին տեղի ունեցած դեպքը․ ջրամբարում ջուր չմնալու պատճառով ձկները ոռոգման ջրի հետ հասել էին Արմավիրի Քարակերտ և Արգինա գյուղերի հողեր։

Գյուղացիները սակավաջրության հարցի լուծման մեկ տարբերակ են տեսնում՝ խորքային հորերը․ - «3-4 հատ ունենք, չի բավարարում»:

Նկարահանման պահին Խանջյանի խաղողի այգիներում բերքահավաք էր։ Այգեպանները բողոքում են, որ հողը քիչ ջրելու պատճառով բերքն անհամեմատ սակավ է։

«Ես առանց ջրել խաղող եմ քաղել, որտեղ 4-4.5 տոննա քաղում էի, հիմա քաղել են տոննա 700 կիլո: Ես ո՞նց եմ ընտանիք պահելու», - ասաց գյուղացիներից մեկը:

90 ստորագրությամբ սեպտեմբերի 8-ին խանջյանցիները դիմել են մարզպետարան և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերություն․ - «Ասել են՝ գնացեք, մենք արդեմ մեր աշխատողներին ուղարկել ենք խորքային հորերը սարքելու, վերականգնելու: Բայց մինչև հիմա ոչ մի բան չկա»:

Դիմումից մոտ 20 օր անց որևէ տեղաշարժ չկա։ Գյուղացիներն անգամ առաջարկել են ջրի վարձ չմուծել և ինքնուրույն հոգալ խորքային հորերի վերականգնման ծախսերը։

Խանջյանցիները հիշում են 2014 թվականը, երբ նման չորային տարի էր։ Նրանց կարծիքով, Կառավարությունը, Հայաստանի կլիման հաշվի առնելով, պետք է միջոցներ ձեռնարկեր գյուղացուն երաշտից պաշտպանելու և խորքային հորերը գործարկելու համար։

Գյուղացիներն անարդարացի են համարում այն, որ պետք է մուծեն չմատուցված ծառայության համար։ Եվ ակնկալում են, որ ջրօգտագործողների ընկերությունը գյուղացուն չհասած ջրի համար վարձ չի գանձի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG