Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլից հետո տեղի ունեցած թայ-բրեյքում, հաղթելով չին շախմատիստ Դին Լիժենին, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցում էին 128 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Արոնյանը նաև իրավունք է ստացել՝ մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին:
Աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ Լևոն Արոնյանին այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ, երկրի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ և ոգևորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար: Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ և արդյունավետ ջանքեր եք ներդնում մեր երկրում մարզաձևի հանրահռչակման և զարգացման գործում», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է: