Մատչելիության հղումներ

Քննարկվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները


Խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է քննարկել Եվրասիական միությունից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությանը միանալու հարցը։

Ընդդիմադիր դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց` թեև կասկածում է, որ կմիանան, բայց հիմնավորումներ ցանկանում են լսել։

«Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները» թեմայով քննարկմանը մասնակցող «Ծառուկյան» դաշինքի անդամը դահլիճում նույնպես հայտարարեց, որ ճիշտ են համարում քննարկումը։ Նա նաև հորդորեց դահլիճում գտնվող «Ելք» խմբակցության պատգամավորին նման նախաձեռնություններով հանդես գալուց դրանք առաջ քննարկել նաև գործընկերների հետ։

Թեև նախաձեռնությունը արդեն խորհրդարանում է, բայց Մելքումյանը ասաց, որ հիմա էլ են պատրաստ քննարկման, հատկապես այն մասով, թե միությունը լքելու դեպքում ինչ ռիսկեր կառաջանան Հայաստանի համար․ - «Տարեկան շուրջ 600 հազար աշխատանքային միգրանտներ աշխատում են Ռուսաստանում․ միայն այն մարդիկ, ովքեր գնում, գալիս են․․․ Ի՞նչ ա կատարվում էս մարդկանց ճակատագրերի հետ: Սա նույնպես․․․ շատ հակիրճ եմ ասում էն ռիսկերը, որ մենք կարող ենք ունենալ»:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ում մնալով ամեն ինչ էլ ավելի է վատանալու, շուտով նոր թանկացումներ կլինեն և միությունը լքելը պարտադիր է․ - «Տրամաբանական կլիներ, որպեսզի մենք Ռուսաստանի հետ ունենայինք պայմանագիր, այսինքն ունենք Ռուսաստանի հետ ազատ առևտրի պայմանագիր: Կարելի էր էդ ուղղությամբ զարգացնել ամեն ինչ՝ Հայաստանին չզրկելով այլ երկրների հետ առևտրային պայմանագրեր կնքելու հնարավորությունից, երբ մենք տեսնում ենք, որ 48 տոկոսը մեր արևտրից հենց այլ երկրների հետ է: Ու նաև շարունակենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, որը բնավ չէր հակասելու մեր Հայաստան - Ռուսաստան առևտրային հարաբերություններին»:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հակադարձեց ԵԱՏՄ-ն լքելուն կողմ պատգամավորին։ Ասաց, որ սպասվող թանկացումները ուռճացված են ներկայացվում, իսկ Եվրասիական միության անդամ լինելը Հայաստանի պետական շահերից է բխում․ - «Ազգային շահերից: Ինչո՞ւ չէ՝ նաև քաղաքական ու ռազմական շահերից: Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք պատրաստ ենք մեր հարաբերությունները միշտ զարգացնել մեր ռազմավարական գործընկերների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG