Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների փաստաբանները բողոքի ակցիա իրականացրին դատարանում


«Մի՛ բռնաբարեք իրավունքը», «Ազատություն դատավոր Արտուշ Գաբրիելյանին»․ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով փաստաբաններն այսօր ի նշան բողոքի այսպիսի գրություններով շապիկներով ներկայացած նիստին։ Պատճառը, ըստ նրանց, դատավորի կողմնակալությունն ու պաշտպանական կողմի իրավունքների ոտնահարումն է։

«Փաստը մնում ա փաստ, որ պատասխանատու անձինք չեն ընկալում, թե ինչ են իրենք անում, և ինչու է դա անօրինական, և ինչու դա պետք չի անել, և ինչու է դա արհեստական խոչընդոտ: Հիմա փորձեցինք էս ձևով հասկացնել: Գուցե մի քանի անգամ հետո հույս ունենք, որ կընկալվի», - նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Այս խայտառակությունը, որ տեղի է ունենում, ի վերջո պետք է սրան վերջ դրվի: Էն, ինչ որ անում են իշխանությունները էս գործի հետ կապված փաստաբանների իրավունքների ոտնահարման առումով, սա խայտառակություն է: Ես կասկած չունեմ․ եթե օրենքը ձայն հանելու հնարավորություն ունենար, ապա բռնաբարվողի ճիչեր կհաներ էս ամեն ինչից հետո», - հավելեց նրա գործընկեր Արա Զաքարյանը:

«Սասնա ծռերի» դատավարությունը մեկնարկել է դեռևս հունիսի սկզբին, մոտ 4 ամսվա ընթացքում, մինչդեռ, անգամ գործի նախապատրաստական փուլը չի ավարտվել: Շաբաթը մեկ անգամ նիստ գումարվում է, դրանք, սակայն, պարբերաբար հետաձգվում կամ ավարտվում են ամբաստանյալների ու փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելով։

«Փորձում ենք որևէ կերպ ընկալելի դարձնել իրավիճակը պատասխանատու անձանց, որպեսզի ի վերջո հասկանան, որ էն, ինչ որ անում են իրանք փաստաբանների հանդեպ դատարան մտնելուց, դա անելու բան չէ: Դա իրավունքից չի բխում, դա հակաօրինական է», - նշեց Երվանդ Վարոսյանը:

Արա Պապիկյանը հավելեց․ - «Իրականում ոչինչ էլ չի ընթանում և չորս ամիս դատավոր Արտյուշա Գաբրիելյանը, ձևացնելով, որ դատաքննություն ենք իրականացնում, ինքը և պրոցեսն ապահովող պետական մյուս կառույցները մսխել են պետական բյուջեի գումարները»:

Միայն այս գործով դատավորը հասցրել է արդեն ավելի քան հարյուր որոշում է կայացնել սանկցիա կիրառելու մասին։ Հիմնական պատճառը ամբաստանյալների ոտքի չկանգնել է և փաստաբանների բացակայությունը:

Փաստաբանները, հիշեցնենք, պնդում են, որ չեն կարողանում մասնակցել նիստերին, քանի որ կարգադրիչների կողմից ապօրինի խուզարկության են ենթարկվում:

«Մենք այսօր չենք կարողանում մեր պայուսակներով մուտք գործել, համակարգիչ բերել: Մեր համար խնդիրներ են ստեղծում նաև քրեակատարողական հիմնարկում մեր պաշտպանյալների հետ տեսակցության համար», - ասաց Արա Զաքարյանը:

«Մեզ համար ակնհայտ ա, որ ինքն էլ [դատավոր Արտուշ Գաբրիելյանը] պատանդ է դարձել այս գործի ձեռքը, և պետք է ազատվի: Որպես նախագահող դատավոր չկարողացավ իրոք այս գործերը վարել, չկարողացավ լինել իր դիրքում: Դա է խնդիրը, որ մենք ուղղակի ցանկանում ենք, որ իրոք ազատվի այս գործից, որովհետև իրոք այս ամիսները ցույց տվեցին, որ պարոն Գաբրիելյանի մոտ չստացվեց», - նշեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Այսօրվա ակցիային մասնակցեցին գործով անցնող գրեթե բոլոր փաստաբանները, բացի հանրային պաշտպաններից: Կարգադրիչների հետ զննություն-խուզարկություն խնդրին չբախվելու ու շապիկներով անարգել մուտք գործելու համար, պաշտպանները դատարան եկան առանց պայուսակների ու իրենց մոտ առկա մետաղական առարկաները նախապես դատարկելուց հետո։

Բողոքի հասցեատերը՝ նիստը նախագահող Արտուշ Գաբրիելյանը, սակայն, այսօր դահլիճ չեկավ, քարտուղարը տեղեկացրեց, որ դատավարությունը կրկին հետաձգվում է մեկ շաբաթով։

«Բնականաբար, արդեն ինֆորմացիան տեղ հասավ, և, բնականաբար, նա երևի չցանկացավ, որպեսզի այդ իրավիճակում տեսներ մեզ», - ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Անցած ամառը ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերի» գործը բաժանվել է երկու մասի, 14 և 18 ամբաստանյալներով։ Երկու գործերն էլ քննում է Արտուշ Գաբրիելյանը, նիստերի առումով, երկուսում էլ պատկերը գրեթե ամբողջությամբ նույնն է։ 18 ամբաստանյալների նիստը կկայանա վաղը:

Փաստաբանները նշում են, որ ամբաստանյալները դեմ չեն, և ակցիան հնարավոր է շարունակեն նաև վաղը։

«Այս ակցիան կշարունակվի այնքան, մինչև մեր իրավունքները չսկսեն հարգել, մինչև մեր համար չստեղծեն անհրաժեշտ հնարավորություն և պայմաններ, որ մեքն կարողանանք նորմալ ձևով մեր պաշտպանությունը իրականացնել», - հայտարարեց Արա Զաքարյանը:

Ի դեպ, փաստաբանների այսօրվա յուրօրինակ բողոքի ակցիան հետաքրքրեց մեղադրող դատախազներից մեկին: Նա փաստաբան Լուսինե Սահակյանին խնդրեց իրեն էլ «Մի՛ բռնաբարեք իրավունքը» գրությամբ շապիկ տալ: Փաստաբանը իր շապիկը նվիրեց դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG