Մատչելիության հղումներ

ԿԳՆ պաշտոնյան և կրթական բարեփոխումների փորձագետը քննարկում են ռուսերենի դասավանդման հայեցակարգը


Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը և արևելագետ-լեզվաբան, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Տեսակետների խաչմերուկ»-ի հյուրերն էին:

Սեպտեմբերի 11-ից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը», որում մասնավորապես նշված է․ - «Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն»:

Բավական քննադատությունների տեղիք տված այս հայեցակարգը քննարկեցին «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերը՝ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը և արևելագետ-լեզվաբան, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը:

Հակադարձելով ռուսերենը այլ օտար լեզուներից առանձին հայեցակարգով ներկայացնելու՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի փաստարկներին, մասնավորապես, որ ռուսերենը Կիրիլյան այբուբենով է, մյուս լեզուները՝ լատինատառ, որ ռուսերենը երկրորդ դասարանից պարտադիր է Հայաստանում, և որ մասնագիտական գրականությունը մեծամասամբ ռուսերենով է, Սամվել Կարաբեկյանը ասաց․ - «Այս երեք փաստարկներն էլ ինձ համար, ճիշտն ասած, զարմանալի են, որովհետև սկսենք նրանից, որ ընդնահրապես, եթե մասնագիտորեն ենք նայում և խոսքը դասավանդման մեթոդների, մեթոդիկայի մասին է, ապա բոլորովին նշանակություն չունի, թե ինչ լեզու է, առավել ևս՝ ինչ գրաֆիկական կամ գրային հիմքի վրա է: Այսինքն՝ որևէ լեզվաբանական հիմնավորում դրա համար չկա: Երկրորդը՝ ակնհայտ է արդեն նախարարի խոսքից, որ այստեղ խնդիրը կապվում է հենց այն տնտեսական-քաղաքական միավորման մեջ գտնվելու հետ, որում մենք հայտնվել ենք վերջին տարիներին: Ինչ վերաբերում է մատչելիությանը, էժանությանը, ամբողջությամբ ռուսերենի վրա նստած լինելուն՝ ճիշտն ասած, ինձ համար զարմանալի է այդպիսի փաստարկներ լսելը»:

Աշոտ Արշակյանը, մինչդեռ, համոզմունք հայտնեց, որ «քաղաքացու համար այսօր ռուսերենը, ռուսերենին տիրապետելը, այո, մեր հետագայում բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ կարևոր է հետագայում գիտությամբ զբաղվելու համար»: «Ինչպես նաև անգլերենի և այլ լեզուների», - հավելեց կրթության և գիտության նախարարության պաշտոնյան՝ վստահեցնելով․ - «Որովհետև մենք ունենք նաև օտար լեզուների համար առանձին հայեցակարգ, և որևէ տարբերակում մենք ռուսերենի կամ այլ օտար լեզուների միջև չենք դնում»:

«Այստեղ մոտեցումներն են տարբեր: Բոլորիդ քաջ հայտնի է, որ ռուսերեն լեզուն մեզ մոտ դասավանդվում է երկրորդ դասարանից՝ ուսումնական պլանում որպես պարտադիր առարկա, իսկ մնացած օտար լեզուները մեզ մոտ երրորդ դասարանից՝ ընտրությամբ դպրոցի, այսինքն՝ այստեղ կա իրոք հստակ տարբերություն՝ և՛ մեթոդիկայի, և՛ դասավանդման, և՛ ուսումնական պլանի, և՛ ծանրաբեռնվածության առումով: Եվ ասեմ ավելին՝ այստեղ խնդիրներն էլ տարբեր են, երբ որ վերլուծում ենք՝ և ռուսերենի և մյուս օտար լեզուների առումով խնդիրները և լուծման ճանապարհները տարբեր են», - ասաց Արշակյանը:

«Հայեցակարգում բացառապես բովանդակային հարցեր են», - պնդեց կրթության և գիտության նախարարության պաշտոնյան:

«Իսկ գուցե սկսենք նրանից, որ, Դուք հղում եք կատարում, որ պարտադիր է երկրորդ դասարանից և ժամաքանակն է շատ, գուցե դա՞ վերանայման կարիք ունի, գուցե ռուսերենի և անգլերենի հարաբերակցության փոփոխությո՞ւնը կարիք ունի», - նկատեց Սամվել Կարաբեկյանը:

«Առհասարակ, ես կարծում եմ, որ ավելի ջանք հիմա պետք է գործադրել՝ նկատի ունենալով, որ ռուսերենը բազմաթիվ տեղեկատվական խողովակներ ունի Հայաստանում, նա, ըստ էության, ներթափանցել է մասնագիտական և ընդհանրապես․․․ նոր չի ներթափանցել, այսինքն՝ ունի որոշակի դիրքեր, <...> ի տարբերություն սրա՝ այլ օտար լեզուները, մասնավորապես՝ անգլերենը, գտնվում են, այսպես ասած, ավելի կրավորական դիրքում, որովհետև խողովակները դրա տարածման ավելի քիչ են», - ընդգծեց արևելագետ-լեզվաբանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG