«Պատմական փաստաթուղթ»` այսպես են բնութագրում վրացական իշխանությունները երեքշաբթի օրը երկրի խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված նոր Սահմանադրությունը:
Ներկայացված փաստաթղթի օգտին քվեարկեցին վրացական խորհրդարանի 150 անդամներից 117-ը: Արևմտամետ ընդդիմության ներկայացուցիչները` «Ազգային միացյալ շարժում» և «Եվրոպական Վրաստան» խմբակցությունների անդամները բոյկոտեցին քվեարկությունը, պնդելով, որ նոր Սահմանադրության հիմնական նպատակը երկրում ավտորիտար, միակուսակցական քաղաքական համակարգի ստեղծումն է: Ընդդիմադիրների մի մասն էլ, չսահմանափակվելով բոյկոտի կազմակերպմամբ, քվեարկությանը զուգահեռ, խորհրդարանի նախասրահում բողոքի ակցիա կազմակերպեց:
«Ազգային միացյալ շարժման խորհրդարանական խմբակցությունը բողոքում է այս Սահմանադրության հաստատման դեմ: Այն ժողովրդի կամքին հակառակ է ընդունվել: Այդ Սահմանադրությունն աջակիցներ չունի ոչ Վրաստանի տարածքում, ոչ էլ արտերկրում: Դա միակուսակցական Սահմանադրություն է», - հայտարարում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող կուսակցության առաջնորդներից մեկը` Ռոման Գոցիրիձեն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, սակայն, ընդդիմության քննադատությանը կտրականապես համաձայն չէ: Այդ մասին նա հայտարարեց երեկ կառավարության նիստի ժամանակ:
«Վրաստանի Սահմանադրությունը մշակվել է նախադեպը չունեցող համաժողովրդական քննարկման արդյունքում: Ցավոք սրտի, ընդդիմությունը փորձում է ամեն ինչ այլ լույսի ներքո ներկայացնել` պնդելով, թե այս Սահմանադրությունը միայն մեկ կուսակցության փաստաթուղթ է: Դա սակայն չի համապատասխանում իրականությանը, քանի որ փաստաթղթի շուրջ ծավալված քննարկումներին մասնակցել են տարբեր կուսակցություններ, բազմաթիվ փորձագետներ ու հասարակական կազմակերպություններ», - հայտարարում էր Կվիրիկաշվիլին:
Նորացված Սահմանադրության համաձայն՝ զգալիորեն ընդլայնվում են խորհրդարանի լիազորությունները: Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի անդամները իրավունք կունենան պաշտոնանկ անել ոչ միայն նախագահին, վարչապետին կամ նախարարներին, այլև Գերագույն դատարանի անդամներին և գլխավոր դատախազին: Նորացված Սահմանադրության համաձայն՝ նախագահի համաժողովրդական ընտրությունները վերացվում են, լուծարվում է նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհուրդը: Բացի այդ, դադարում են գոյություն ունենալ մեծամասնական ընտրատարածքները, և խորհրդարանը ընտրվելու է բացառապես համամասնական ընտրակարգով:
Այս դրույթների զգալի մասը, սակայն, միանգամից չէ, որ ուժի մեջ կմտնի: Սահմանադրության անցումային դրույթների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անցնելու են այսօր գործող մեծամասնական-համամասնական ընտրակարգով:
Անցումային դրույթները վերաբերում են նաև նախագահական ընտրություններին: 2018-ի աշնանը Վրաստանում կկազմակերպվեն նախագահի վերջին համաժողովրդական ընտրությունները, որոնցում ընտրված գործիչը երկրի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ոչ թե հինգ տարի, ինչպես նախկինում էր, այլ՝ վեց: