Մատչելիության հղումներ

Էրդողան. Հանրաքվեի անցկացումը քրդերի կողմից դավաճանություն է


Հրավառություններ, մեքենաների բարձր ազդանանշաններ, երգ ու պար. այսպես էին իրաքցի քրդերն անցած գիշեր տոնում անկախության հանրաքվեի ավարտը:

Թեև քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան ընտրատեղամասերի փակվումից 72 ժամ անց միայն, այսօր իրաքյան Քուրդիստանում որևէ մեկը չի կասկածում, որ հանրաքվեի ավելի քան 4 միլիոն մասնակիցների ճնշող մեծամասնությունը Իրաքից անջատվելու և անկախ պետություն հռչակելու գաղափարին կողմ է արտահայտվել:

Իրաքյան Քուրդիստանի վարչական կենտրոն Էրբիլում գործող Rudaw հեռուստաընկերության պնդմամբ, մոտ 300 հազար քվեաթերթիկների հաշվարկից հետո անկախությանը կողմ է արտահայտվածների թիվը հասնում է 93 տոկոսի:

Մինչ իրաքցի քրդերը տոնում են, հարևան Թուրքիայից շարունակում են սպառնալիքներ հնչել: Ռեջեպ Թայիփ Էրդողանը թուրքական առաջատար համալսարանների դասախոսների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ բացատրեց, թե ինչ կարող են ակնկալել Իրաքի քրդերը անկախ պետություն հռչակելուց անմիջապես հետո․ - «Ծորակը մեր ձեռքում է: Մենք այն կարող ենք փակել ցանկացած պահի, և Հյուսիսային Իրաքի նավթային եկամուտները պարզապես կցամաքեն: Երբ բեռնատարները դադարեն Հյուսիային Իրաք ուղևորվել, երկրամասի բնակչությունը կարող է սովի մատնվել: Մինչև վերջին պահը մենք հույս ունեինք, որ [քրդական ինքնավարության ղեկավար] Մասուդ Բարզանին նման սխալ թույլ չի տա և հանրաքվե չի անցկացնի: Մենք, սակայն, սխալվում էինք: Առանց խորհրդակցությանների հանրաքվե անկացնելու այս որոշումը, ըստ իս, դավաճանություն էր»:

Շարքային թուրքերից ոմանք, սակայն, վստահ են, որ Էրդողանի կառավարության կողմից Բարզանիի հետ տարիներ շարունակ սերտ կապերի պահպանումն ու տնտեսական հարաբերությունների խորացումն էին պատճառը, որ իրաքցի քրդերին անկախության հեռանկարն իրական թվաց:

«Այս ամենը շատ վատ հետևանքներ կունենա նաև մեր պետության միասնության համար: Բայց Թուրքիան նույնպես սխալներ է թույլ տվել: Մենք հյուրընկալում և ողջունում էինք Բարզանիին, այստեղ քրդական դրոշն էր ծածանվում: Այդ ամենը ոգեշնչեց նրանց», -Reuters-ի հետ զրույցում ասել է Անկարայի բնակիչ Մեհմետ Թյուրքը:

Անկարայից մի քանի հարյուր կիլոմետր հարավ-արևելք, մինչդեռ, տրամագծորեն հակառակ տրամադրություններ են տիրում: Թուրքական Քուրդիստանի ոչ-պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի բնակիչներին սահմանից այն կողմ անցկացված հանրաքվեն ակնհայտորեն ոգևորել է:

«Որպես քուրդ, որն ապրում է Քուրդիստանի մեկ այլ հատվածում, կարող եմ ասել, որ հանրաքվեն ինձ շատ է ուրախացրել: Ինչ էլ կատարվի աշխարհում, մենք արդեն գիտենք, որ պետություն ունենք: Իմ ցանկությունն է, որ Իրաքի քրդական վարչակազմը շուտափույթ կերպով անկախություն հռչակի», - լրագրողների հետ զրույցում նշել է Դիարբեքիրի բնակիչ Դիլգես Օսմանը:

Իրաքի կենտրոնական իշխանությունները այս օրերին անդադար խորհրդակցություններ են անցկացնում` փորձելով հստակեցնել իրենց հետագա քայլերը: Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին երեկ երեկոյան Բաղդադում խորհրդակցություն էր անցկացնում բանակային հրամանատարության հետ:

«Մենք չենք պատրաստվում քննարկումներ կամ երկխոսություն ծավալել հանրաքվեի արդյունքների վերևաբերյալ, քանի որ այդ քվեարկությունը հակասահմանադրական էր ու անօրինական: Մենք արդեն իսկ որոշ քայլերի դիմել ենք: Հետագայում ևս որոշ գործողություններ կլինեն, որոնց թիրախը, սակայն, քուրդ ժողովուրդը չի լինի, քանի որ նրանք մեր քաղաքացիներն են», - հայտարարել է Իրաքի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG