Մատչելիության հղումներ

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածը վճարովի է լինելու


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածը վճարովի է լինելու:

Նախարարը մանրամասնեց, որ Կառավարությունում որոշվել է մայրուղու հարավային՝ Արտաշատ - Մեղրի հատվածի կառուցման համար ներգրավել մասնավոր ընկերությունների, որովհետև միայն այդ հատվածի կառուցումը կարժենա, ըստ նախնական հաշվարկի, 1.5 միլիարդ դոլար, և ինչպես վստահորեն ասաց նախարարը՝ ավելի լավ է այդ միջոցները ներգրավել մասնավոր հատվածից, քան վարկ վերցնել․ - «Որոշումը ընդունված է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, մեկուկես միլիարդ եթե հնարավոր է ներգրավել մասնավորից և ներգրավել վարկային միջոց․ ո՞րն է ավելի ձեռնտու պետությանը»:

«Հյուսիս - Հարավ»-ին զուգահեռ՝ հարավային ուղղությամբ գործելու է նաև անվճար պետական ճանապարհը․ - «Լինելու է նաև այլընտրանքային ճանապարհը, որովհետև այլընտրանքային ճանապարհի բացակայության դեպքում չի կարող լինել միայն վճարովի ճանապարհ: Քննարկումներ գնում են այդ ընկերությունների հետ, պատրաստվում ենք շուտով ընդունել օրենք պետություն - մասնավոր համագործակցությանը վերաբերող: Չեմ ասում կոնկրետ այս ճանապարհի [համար], բայց հիմնական մեծ ծրագիրը լինելու է էդ ճանապարհը»:

Վահան Մարտիրոսյանի խոսքով, ներկայիս հաշվարկով, 556 կիլոմետրանոց ողջ «Հյուսիս - Հարավ» մայրուղին, որը Բավրայից ձգվելու է մինչև Մեղրի, կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար:

Այս թիվը ուշագրավ է նաև այն առումով, որ ճիշտ հինգ տարի առաջ՝ 2012-ի սեպտեմբերին, երբ մեկնարկեց մայրուղու կառուցումը, Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ավելի քան երկու անգամ պակաս էին նշում «Հյուսիս - Հարավի» կառուցման արժեքը: Այն ժամանակ խոսքը 962 միլիոն դոլարի մասին էր, որից 500 միլիոնը՝ վարկի տեսքով տրամադրելու էր Ասիական զարգացման բանկը:

Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց դեռ 2009-ի սեպտեմբերին, և նախատեսվում էր ողջ ճանապարհի կառուցումը ավարտել 2016 թվականին:

Սակայն մայրուղու շինրարական աշխատանքները սկսվեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միայն երեք տարի անց: Տևական ժամանակ չօգտագործված վարկի համար Հայաստանի պետբյուջեից Ասիական զարգացման բանկին փոխանցվեց «պարտավորության վճար»: Այն, որ նման վճար արվել է, հաստատել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան նախկին ներկայացուցիչ Դևիդ Դոլը 2012-ի ապրիլին Երևանում կայացած ասուլիսին: Փորձագիտակյան գնահատականի համաձայն, այդ վճարը կազմել է մոտ 300 հազար դոլար:

«Ազատության» հետ զրույցում Ասիական զարգացման բանկի հայաստանյան այժմյան ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալը օրերս մանրամասնեց՝ նախատեսված 500 միլիոն դոլար վարկից բանկը Հայաստանի կառավարությանը արդեն իսկ տրամադրել է 330 միլիոն դոլար՝ երեք տրանշով՝ 60 միլիոն, 170 միլիոն և 100 միլիոն չափաբաժիններով:

Այս պահի դրությամբ ավարտված է «Հյուսիս - Հարավի» միայն 31 կիլոմետրը: Ռոզենթալի խոսքով, մինչև 2019 թվականի վերջը նախատեսված է ավարտին հասցնել Աշտարակ - Լանջիկ շուրջ 60 կիլոմետրանոց հատվածը:

Այս ամենին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հրապարակավ բազմիցս դժգոհել են կառուցվող ճանապարհի որակից: Անցած տարվա հուլիսին Կառավարության նիստում իր դժգոհությունը բարձրաձայնեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այս տարվա մարտին նույնը արեց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը․ - «Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա: Հինգն անց կես սաղ պերեկուր են անում․․․ Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք․․․․ Որևիցե աշխատանք չի կատարվում»:

Նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի դեռ 2008-ին նախաձեռնած մեգանախագծերից մեկին՝ հայ-իրանական երկաթուղուն: Շուտով կլրանա տասներորդ տարին, ինչ իշխանությունները հայատարեցին, թե մտադիր են երկաթգիծ կառուցել դեպի Իրան:

«Մենք ունենք պայմանագիր արտասահմանյան ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի Հայաստան՝ մեր հատվածը կառուցելու համար: Ես երկու հանդիպում եմ ունեցել այդ ընկերության տնօրենի հետ, իրեն առաջարկել, որ արագացնի այդ գործընթացը: Եթե չէ՝ մեր պետությունը պատրաստակամություն կհայտնի վերանայել պայմանագրի կետերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG