Մատչելիության հղումներ

Ռուսները Սիրիայում գեներալի մահվան համար ԱՄՆ-ին են մեղադրում


ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապով
ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապով

Անցած կիրակի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն, սեպտեմբերի 23-ին Սիրիայում՝ Դեյր Էզ-Զորի շրջանում «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կողմից ականանետման հետևանքով զոհվել է ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը:

Ականի պայթյունի պահին նա գտնվել է սիրիական զորքի հրամանատարական կենտրոնում և օգնել է կարգավորել Դեյր Էզ-Զորի ազատագրման գործողությունը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, զոհված գեներալին հետմահու ներկայացրել են պետական պարգևի:

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե գեներալը զոհվել է «Միացյալ Նահանգների երկդիմի քաղաքականության հետևանքով»:

Ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ թեպետ ամերիկյան կողմը հայտարարում է, որ շահագրգռված է «Իսլամական պետության» ոչնչացմամբ, ամերիկացիների որոշ գործողություններ թույլ են տալիս պնդել, որ նրանց համար քաղաքական և աշխարհքաղաքական առաջնահերթություններն ավելի կարևոր են:

«Ողբերգությունը, որի ականատեսը դարձանք՝ ռուսաստանցի հրամանատարի կորուստը, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ամերիկացիների երկդիմի քաղաքականության գինն է, արյունալի գինը», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Սերգեյ Ռյաբկովը:

Դա այսօրվա դրությամբ ռուսների՝ Սիրիայում ամերիկյան քաղաքականության վերաբերյալ հնչեցրած թերևս ամենակոշտ գնահատականն է:

Սիրիայի արևելքում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու, ռուսների օգնությամբ գործող Բաշար ալ-Ասադի բանակը և Միացյալ Նահանգների աջակցությունը ստացող ուժերը աստիճանաբար մոտեցել են միմյանց:

Այդ երկու ուժերը առաջնահերթություն են հռչակում «Իսլամական պետության» դեմ պայքարը, բայց ունեն լուրջ տարաձայնություններ, ինչի հետևանքով կարող են ներքաշվել բախումների մեջ, իսկ դա, իր հերթին, կհանգեցնի Վաշինգտոնի և Մոսկվայի առճակատման:

Սիրիական բանակը ռուսական օդուժի և Իրանի աջակցությամբ գործող աշխարհազորի օգնությամբ Եփրատի շրջանում հսկողության տակ է վերցրել Դեյր Էզ-Զորի մեծ մասը:

Ամերիկացիների աջակցությամբ գործող քրդերի աշխարհազորը «Սիրիական դեմոկրատական ուժեր» շարժման հետ համատեղ գրեթե ավարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կենտրոնը համարվող Ռաքքա ավանի գրավումը:

Ռուսական և ամերիկյան օդանավերը փաստորեն հայտնվել են մի ընդհանուր ոչ մեծ տարածքում, ինչը առնվազն տեսականորեն հնարավոր է դարձնում երկու գերտերությունների ուղղակի ռազմական բախումը՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG