Մեր նկարահանող խմբին գործարանի անցակետից թույլ չտվեցին առաջ գնալ: Տնօրինության ներկայացուցիչ Հովիկ Դերձակյանը հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց բառացիորեն հետևյալը․ - «Մեզ հանգիստ թողեք, մենք սիրտ չունենք, և ոչ մի նկարահանում տեղում չեք կարող իրականացնել»:
Պայթյունից տուժած 61-ամյա Վանիկ Բաղդասարյանին հանդիպեցինք «Աբովյան» բժշկական կնետրոնում: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը գործարանում չի աշխատում, իր տունը գտնվում է գործարանի հարևանությամբ: Տուն վերադառնալիս է եղել, երբ գործարանի պատը պայթյունից փլուզվել ու ընկել է իր վրա:
«Դրսի դարպասի կողքով ես գնում էի իմ տունը, մեկ էլ տենամ էդ բան էլավ արդեն․․․ Դրսի պատն ա փլվել, մի հատ էլ մեջինը», - ասաց նա՝ հավելելով, որ հիվանդանոց իրեն բերել են շտապօգնության մեքենայով: Բաղդասարյանն ասաց, որ գործարանի ներկայացուցիչներն իրեն այցելել են:
Ո՚չ պատահական անցորդ Վանիկ Բաղդասարյանին, ո՛չ էլ լրագրողներին գործարանից այդպես էլ չեն բացատրել, թե դա ինչ պայթյուն էր: Չկա նաև պաշտոնական վարկած: Արտակարգ իրավիճակների նախարարությունը միայն հայտարարում է, որ գործարանի կաթսայատանը պայթյուն է եղել, փլուզվել է արտաքին պատը:
Այս պահի դրությամբ պաշտոնական այս միակ հաղորդագրությունում նշվում է նաև երկու տուժողների մասին:
Երկրորդ տուժողը՝ գործարանի փականագործ Արտավազդ Ղարիբյանն է, ով ողնաշարի կոտրվածքով Աբովյանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մեր այցելության պահին նրան վիրահատում էին: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Շավարշ Այվազյանն «Ազատությանը» փոխանցեց, որ 33 ամյա երիտասարդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր․ - «Ունենք կրծքավանդակի վնասվածք, կողերի կոտրվածք, երկկողմանի թոքերի սալջարդ․․․ Ընդհանուր վիճակը այս պահին գնահատվում է ծանր, հիվանդը գտնվում է վիրասրահում, հիմա վիրահատություն են կատարում»: