Այսօր Ազգային գրադարանի շենքում բացվեց Հայ գրատպության թանգարանը, որը ներկայացնում է ոչ միայն հայ գրատպության անցած 500 տարվա պատմությունը, այլև առհասարակ հայ գրի ակունքները, հայոց այբուբենը և այն ամենը, ինչ կապված է հայոց գրի ու գրականության հետ:
Այս առումով, իհարկե, ողջ Ազգային գրադարանը կարելի է համարել Հայ գրատպության թանգարան, քանի որ Ազգային գրադարանը տարբեր ժամանակներում տպագրված ավելի քան 7 միլիոն գիրք է պահպանում՝ այդ թվում և հնատիպ գրքեր, նաև հայերեն տպագիր առաջին գիրքը՝ 1512 թվականին Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված Ուրբաթագիրքը, որն այսօր իր պատվավոր տեղն էր գրավել հայ գրատպության այս նորաբաց թանգարանի 6 ցուցասրահներից «Հայ գրատպության առաջնեկները» սրահում: Նույն սրահում ներկայացված է նաև 1666 թավականին Ոսկան Երևանցու կողմից Ամստերդամում հրատարավկած հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը, տպագիր առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը», առաջին պարբերականը՝ «Ազդարարը» և այլն, և այլն:
«Գրի ակունքները» սրահում ներկայացված են նախագրային շրջանում ստեղծված ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ: «Հայոց այբուբենը» սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը: Առանձին սրահում ներկայացված է Հայաստանի և Արցախի տպագիր մամուլի պատմությունը: Իսկ «Հայ գրատպության սփյուռքը» սրահում ներկայացված է սփյուռքի գաղթօջախների պարբերական մամուլի պատմությունը, նաև այն համայնքները, որոնք հայերեն տպարանները են ունեցել տարբեր դարերում և հայերեն գրքեր ու մամուլ հրատարակել:
Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով՝ այս նորաբաց թանգարանը «հայ մտքի ուղին է ցույց տալիս»․ - «Տպագրության ուղին: Որովհետև մենք պատկերացնում ենք, թե մեր գրատպությունը ինչ ճանապարհ է անցել: Եվ հայ գրքի հետազոտական կենտրոն»:
Թանգարանի բացմանը ներկա էր և խոսք ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը․ - «Անշուշտ դեռ շատ անելիքներ ունենք: Թանգարանը կենդանի օրգանիզմ է, և թանգարանը, մեր պատկերացմամբ, պետք է տևական, անընդհատ նորացվի, թարմացվի: Բայց այսօր մենք ձեզ ներկայացնում ենք Հայաստանում նմանօրինակը չունեցող, բացառիկ մի թանգարան»:
Թանգարանի բացման հանդիսությանը հաջորդեց Մշակույթի նախարարի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը հանդես եկավ վերջին 9 ամիսների նախարարության գործունեության ընդարձակ հաշվետվությամբ՝ նշելով արձանագրած ակնառու ձեռքբերումները մշակույթի տարբեր ոլորտներում։
Օրինակ, մարզային բնակչության համար իրականացվող «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում արդեն իսկ 110 համայնքներում 354 միջոցառում է տեղի ունեցել՝ կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և համերգներ, օպերային ներկայացումներ:
Շատ լավ ընդունելության են արժանացել անգամ դասական երաժշտության ամենատարբեր համերգները մարզերում, որտեղ, պարզվում է, մարդիկ իրոք կարիք ունեն լավ երաժշտություն ունկնդրելու: Նախարարը ներկայացրեց, որ այս ամիսների ընթացքում լուրջ ֆինանսական աճ են գրանցել անցյալ տարվա համեմատությամբ՝ ի հաշիվ հանդիսատեսի, այցելուների, մի շարք թատրոններ, թանգարաններ և այլ մշակութային հաստատություններ:
«2017 թվականի 8 ամիսների ցուցանիշները, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 52 տոկոսով: Սա բավականին լուրջ ցուցանիշ է», - նշեց նախարարը:
«Ազատության» հարցին, թե ծրագրածից ինչն է, որ չեն հասցրել անել, Արմեն Ամիրյանն արձագանքեց․ - «Դժվար է ասել՝ ամեն ինչ արեցինք: Որովհետև ցանկությունները իրականում շատ ավելի մեծ են լինում, քան ժամանակն է բավարարում: Ինչ արեցինք՝ արեցինք, ինչ չհասցրեցինք՝ կանենք ապագայում»:
Հաջորդ հարցին, թե արդյոք չի գտնում, որ շատ թույլ է արվեստի, թատերարվեստի, գրականության բնագավառում քննադատությունը, Ամիրյանը պատասխանեց․ - «Թերևս ամենակարևորը հենց դա էր, որ ես չհասցրեցի այս 8-9 ամիսների ընթացքում իրականություն դարձնել՝ արվեստաբանների ինստիտուտի ստեղծումը, որպեսզի մենք բաժակաճառերից տեղափոխվենք իրական, ճշմարիտ արվեստի վերլուծության: Մենք ունեցանք հանդիպումներ տարբեր արվեստաբանների հետ, խմբերի հետ, բայց այդպես էլ չկարողացանք գալ ընդհանուր եզրահանգման, ընդհանուր պատկերը չկարողացանք ձևավորել, թե ինչ ձևով պետք է ստեղծել այդ կառույցը, որպեսզի պետության միջամտությունը լինի զրոյական, բայց պետության աջակցությունը լինի մաքսիմալ: Սա շատ կարևոր հանգամանք է»: