Կիրակի օրը Գերմանիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների հիմնական արդյունքները․
Հաղթեց կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ ստանալով ձայների 33 տոկոսը: Բայց նախորդ ընտրությունների համեմատ սա նահանջ է գրեթե 8 տոկոսով: 1949 թվականից հետո սա քրիստոնյա-դեմոկրատների ամենավատ արդյունքն է:
«Իհարկե, մենք ավելի լավ արդյունքների հույս ունեինք», - ասել է Մերկելը: Նրա գլխավորած քաղաքական ուժը կառավարությունը միայնակ կազմելու անհրաժեշտ ձայներ չունի: Այսօր Մերկելն արդեն կոալիցիոն դաշնակիցներ է փնտրում խորհրդարան անցած մյուս փոքրաթիվ ուժերի հետ: Նա հույս է հայտնել մինչև Ծննդյան տոները ձևավորել կոալիցիան: Ակնկալվում է, որ բանակցություններ կտարվեն ազատ դեմոկրատների և կանաչների հետ:
Ազատ դեմոկրատները այսօր հայտնել են, որ բանակցությունների հրավեր արդեն ստացել են:
Ազգայնականների հաղթանակը. վերջին ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում առաջին անգամ ազգայնականները մտան խորհրդարան և ավելի քան 90 պատգամավորով Բունդեսթագում խմբակցություն կունենան: Ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը գրեթե 13 տոկոս ձայն է ստացել: Թեև սպասվում էր, որ եվրահոռետես հայացքով և միգրացիոն տարվող քաղաքականության դեմ հանդես եկող ազգայնականները ձայներ կստանան, բայց արդյունքները բավականին բարձր են, և դա ազգայնականների հաղթանակ է համարվում:
Ազգայնական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Գաուլանդն ասել է. - «Հաշվի առնելով, որ մենք հստակորեն երրորդ ուժեղ կուսակցությունն ենք, Գերմանիայի կառավարությունը, ինչպես էլ ձևավորվի, պետք է տաք հագնվի: Մենք նրանց դեմ որսի դուրս կգանք, կորսանք տիկին Մերկելին կամ ով պատահի, մենք նորից հետ կբերենք մեր երկիրն ու մեր ժողովրդին»:
Գերմանիայի հիմնական կուսակցություններից մեկը՝ ձախ-կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացավ իր պատմության ընթացքում ամենավատ արդյունքը՝ ձայների 20 տոկոսը: Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը հայտարարել է, որ գործելու են ընդդիմադիր դաշտում:
«Այսօրվա ավարտը ազդարարում է նաև մեծ կոալիցիայում քրիստոնյա-դեմոկրատների հետ համագործակցության ավարտը», - ասել է Շուլցը:
2013 թվականի ընտրություններից հետո Գերմանիայի այս երկու հիմնական քաղաքական ուժերը կոալիցիա էին կազմել: Մեծ կոալիցիան այլևս չկա:
Գերմանիայի Բունդեսթագում քաղաքական վեց ուժ կլինի: Խորհրդարանի 709 մանդատները, նախնական հաշվարկով, կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝ Անգելա Մերկելի գլխավորած քրիստոնյա-դեմոկրատները կունենան 246 մանդատ, սոցիալ-դեմոկրատները՝ 153, ազգայնականները՝ 94, ազատ դեմոկրատները՝ 80, կանաչները՝ 67, և Ձախ կուսակցությունը՝ 69 մանդատ:
Եվրախորհրդարանի պատգամավոր Անտոնիո Տայանին իտալական մամուլում այսօր հրապարակված հարցազրուցում ասել է, որ «ընտրությունների վրա ուժեղ ազդեցություն է թողել միգրացիոն ֆենոմենը, սակայն արդյունքները ապացուցում են, որ Անգելա Մերկելը Գերմանիայի համար կայունության գործոն է մնում»
Առաջիններից մեկը Անգելա Մերկելին զանգահարել և շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Թվիթերում նա գրել է. - «Մենք վճռականորեն կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները, ինչն առանցքային է Եվրոպայի և մեր երկրների համար»:
Հանելուկային շնորհավորանք է հղել Հունգարիայի վարչապետը՝ չհստակեցնելով, թե այն ում է ուղղված: Հակամիգրացիոն դիրքորոշմամբ հայտնի Վիկտոր Օրբանը Ֆեյսբուքում գրել է. - «Բուդապեշտը շնորհավորում է»:
Հիշեցնենք, Գերմանիայի կանցլերին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: