Մատչելիության հղումներ

«Հայատյացությունն Ադրբեջանում պետական կրոն է»․ Աշոտյան


Արմեն Աշոտյան, արխիվ
Արմեն Աշոտյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով էլ՝ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ խաղաղության, «այդ երկիրը պատրաստ չէ անգամ որևէ թեմայով երկխոսության»:

«Հայատյացությունն Ադրբեջանում պետական կրոն է»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով օրերս Բաքվում մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովին:

Աշոտյանի ընդգծմամբ՝ իրենց «փոքր, բայց հպարտ» պատվիրակության այցն Ադրբեջան ցույց տվեց, որ այդ երկիրը պատրաստ չէ ո՛չ երկխոսության, ո՛չ էլ, առավել ևս, խաղաղության: «Համարենք, որ հայատյացությունը Ադրբեջանում պետական կրոն է, և այդ կրոնը երկրպագողների թիվը, ցավոք սրտի, շատ է: Սա ասում եմ, ելնելով այն հանգամանքից, որ մենք պետք է իրոք հասկանանք, որ մեր հարևան հանրապետության ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է հակահայկական քարոզչական ներգործության, թունավորվել է հակահայկական լոզունգներով, և այս ամենը, ցավոք, տեսանելի ապագայում որևէ տեսակի երկխոսության արդյունավետության հույս չի ներշնչում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով, դա անշուշտ չի նշանակում, թե չպետք է երկխոսել, ընդհակառակը՝ ցանկացած հարթակ պետք է օգտագործել՝ ադրբեջանական հասարակության հետ շփվելու համար, քանի որ տարիներ շարունակ իրականացվող հակահայկական քարոզչության արդյունքում այնտեղ «հայերից կերտել են արնախում ժողովդի» կերպար: Միևնույն ժամանակ, Արմեն Աշոտյանը շեշտում է՝ նաև չպետք է սին խաղաղասիրությամբ կերակրենք մեր ժողովրդին: «Մենք չպետք է մեր սին պացիֆիզմով, խաղաղասիրությամբ կերակրենք ժողովրդին և կորցնենք մեր զգոնությունը: Խաղաղության հասնելու համար միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Սա երևի թե ամենապարզ ու ամենաիրական հետևությունն է, որ պետք է անել մեր այցից»,- շարունակեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Եվրանեսթի ԽՎ Բաքվում կայացած համաժողովին հայ խորհրդարանականներից մասնակցել է նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը: Երկօրյա այցից նույն տպավորությունն է ստացել՝ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, անգամ՝ որևէ թեմայով երկխոսության: Թանդիլյանը շեշտում է՝ ցանկացած հարց, անգամ կանանց իրավունքներին վերաբերող թեմաներն ադրբեջանական կողմը մտածված վերածում է հակահայկական քարոզչության։

«Ըստ էության, նրանք անգամ այդպիսի նեյտրալ միջոցառումը պատրաստ են վերածել հակահայկական քարոզի: Շատ սլացիկ անցում էր կատարվում պատերազմական իրավիճակում գտնվող կանաց հարցերին, կանանց նկատմամբ բռնությանը, որ նաև հայերն են դա արել և այլն, և այլն: Այսինքն՝ ամեն թեմայի մեջ, ամեն խոսքից հետո նրանք պատրաստ են դա վերածել հակայկական ագիտացիայի: Դա նշանակում է, որ նրանք հատկապես Արացախի թեմայի շուրջ երկխոսելու պատրաստ չէն»,- «Ազատությանն» ասաց Մանե Թանդիլյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հատկանշական է համարում, որ իրենց երկօրյա այցի ընթացքում որևէ ադրբեջանցի պաշտոնյա կամ պատգամավոր հայկական պատվիրակության հետ շփվելու որևէ փորձ չարեց: «Ելք»-ի պատգամավորի դիտարկմամբ՝ այնտեղ ամեն ինչ վերահսկվում է, և որևէ մեկն ինքուրույն կարծիք արտահայտելու իրավունք չունի․ «Մեզ հետ շփվում էին միայն այն մարդիկ, ում որ կարելի էր»:

Ի դեպ՝ Բաքվում հայաստանցի պատգամավորները Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում ոգելից խմիչքով լի բաժակներով լուսանկար էին հրապարակել՝ որում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը: Այդ լուսանկարը Բաքվում միանշանակ չէր ընդունվել: Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկը, ըստ «Haqqin.az»-ի, հայտարարել էր, թե հայ պատգամավորներն այդ լուսանկարով սադրում են ադրբեջանցիներին, նրանց դրդելով բռնությունների:

Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը Բաքվում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը
Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը Բաքվում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը

Լուսանկարը միանշանակ չէր ընդունվել նաև Հայաստանում: Մամուլում քննադատություն հչեց, թե «չակերտավոր հերոսությունը» տեղին չէր, և կարիք չկար այդ լուսանկարի հրապարակմամբ կրքեր բորբոքել: Իշխող ՀՀԿ-ի պատգամավոր Արմեն Աշոտյանը, մինչդեռ, հակադարձում է՝ իրենք նշել են Հայաստանի անկախության տոնը, անկախ հանգամանքից, թե որտեղ են գտնվում։ Եվ հետո, նրա խոսքով, արձագանքն, ընդհանուր առմամբ, դրական է եղել, իսկ մեկ-երեկու հայ լրագրողի քննադատությունը տանելի է ժողովրդավարական հասարակության պարագայում:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ երևի այդ մարդիկ նույնպես լավ չգիտեն ու լավ չեն հասկացել այն հասարակությանը, որի հարևանությամբ մենք ապրում ենք: Եթե ներկա լինեին, հետևեին, տեսնեին այդ ատելության ու հայատյացության մթնոլորտը, երբ քեզ, որպես ազգ ու պետություն, փորձում են ոչնչացնել ու նսեմացնել ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական հարթության մեջ, հենց քո ներկայությամբ, վստահաբար՝ այդ եզակի մարդիկ անգամ այդպես չէին մտածի»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա, ի դեպ, հաստատեց՝ Բաքվում Հայաստանի անկախության տոնը շնորհավորել են ղարաբաղյան գինով և օղիով, իսկ մեսիջը մեկն էր․ «Մենք քիչ ենք, բայց Բաքվում էլ են մեզ հայ ասում»: «Այո, մենք խմում էինք արցախյան թթի օղի, ուտում էինք արցախյան փախլավա, խմում էինք արցախյան գինի: Հավաստիացնում եմ՝ մենք հյուրասիրության կանոնները չենք խախտել, ոչ էլ մեր նկատմամբ են խախտել հյուրասիրության պրոտոկոլային կանոնները: Բոլոր դեպքերում, հարցն արհեստական եմ համարում, հաշվի առնելով այն բուռն դրական արձագանքը, որն ունեի այս այցի և կոնկրետ այս դրվագի հետ կապված: Հատկապես Արցախից: Նման դեպքերի համար, հավաստիացնում եմ ձեզ, արցախցիների կարծիքն ինձ համար շատ ավելի կարևոր է․․․մեսիջը հետևյալն էր՝ մենք քիչ ենք, բայց մեզ հայ ասում անգամ Բաքվում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հավելենք, որ հայ պատգամավորների Բաքու կատարած երկօրյա այցի ընթացքում նրանց մշտապես ուղեկցել են այդ երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները: Միակ միջադեպը, ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյանի փոխանցմամբ, տեղի ունեցել ազգությամբ հայ, լրագրող ներկայացող Սյուզան Ջաղիյանի հրահրմամբ․ վերջինս մոտեցել է իրենց և սկսել է հայերեն լեզվով հայհոյել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG