Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղյակ չէր, որ երկրորդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում սևամորթը ներկայացվում է նեգր բառով և պատկերված է կիսամերկ, տերևներով ծածկված կնոջ տեսքով։
Նախարարը լրագրողներից տեղականալով այդ մասին՝ այսօր զարմացավ, զարմանքը կիսեց անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանած իր ռուս պաշտոնակցի հետ և հայտարարեց, որ դա «աններելի սխալ է»։
Օրերս համացանցում տարածված դասագրքային այդ նկարը մեծ քննադատության արժանացավ։ Մինդեռ գրքի համահեղինակը՝ Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը, նման ձևակերպման մեջ խտրականության քարոզ չի տեսնում։ Պատկերն ու նեգր անվանումը, նրա խոսքով, ընդամենը վրիպակ է, իսկ առաջացած մտահոգության մեղավորները լրագրողներն են։
«Ես շատ շնորհակալ եմ ձեզ, որ դուք այդ սխալը գտել եք: Սխալ համարենք: Բայց չհամարեք, որ ես շովինիստ եմ: Եթե շովինիստ եմ, ապա միայն հայ ժողովրդի համար, հայկական ամեն ինչը իմ համար շովինիստության է հասնում: Ինչ լավ ա, որ էս գրքում միայն դա եք գտել: Եվ մենք անմիջապես դա կփոխենք», - ասաց նա:
Հեղինակը չգիտեր, թե երբ է նկարը նման բնութագրով հայտնվել դասագրքում, բայց խոստացավ՝ նորում այն չի լինի։ Լիլիա Բալասանյանը նաև շեշտեց, թե մինչև այսօր դրա գոյությունը ոչ մեկին չէր անհանգստացրել․ - «Ռուսերենի մեր կոլեգաները ասեցին, որ դրա մեջ ոչ մի վատ բան ոչ ոք չի տեսնում»:
Ռուսաց լեզվի դասագրքերի հեղինակը մեկն է այն մասնագետներից, ովքեր այսօր ելույթ ունեցան Ռուսաստանի կրթության նախարար Օլգա Վասիլևայի ներկայությամբ և կարևորեցին Հայաստանում ռուսերենի դասավանդման որակի բարձրացումն ու փոխադարձ գործակցությունը։
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում ռուս պաշտոնյային նախ դիմավորեցին հայկական քոչարիով ու շուրջպարով։ Դռներից ներս էլ նրան էր սպասում փողային նվագախումբը։
Ռուսաստանի կրթություն նախարարից «Ազատությունը» հետաքրքրվեց, թե հավաստի են արդյոք այն լուրերը, որ օպտիմալացվելու է Մոսկվայի արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ Լազարյան եղբայրների անվան դպրոցը՝ 19-րդ դարում ստեղծված նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ աշակերտների մոտ կեսը հայ երեխաներ են։
Հիշեցնենք, շաբաթվա վերջին Լևոն Մկրտչյանն «Ազատությանը» հայտնել էր, որ նման վտանգ կա, և հարցը քննարկվելու է ռուս պաշտոնյայի այցի շրջանակում։
«Ոչ, չկա նման բան», - ասաց Վասիլևան: - «Դպրոցը և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Մոսկվայում շարունակելու է աշխատել: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր լուր պետք է ստուգել․ կրկնում եմ՝ դպրոցը աշխատում է և շարունակելու է աշխատել նախկինում ձեռք բերված մեր համաձայնության շրջանակում»:
Ռուս նախարարին հարցեր տալու ժամանակը շատ քիչ էր, օրակարգում լրագրողներին համար ճեպազրույց նախատեսված չէր, այնպես որ «Ազատությունը» Վասլիևային կարողացավ ևս մեկ հարց տալ միայն․ թե ինչպես կմեկնաբանի Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է պետական կարգավիճակ տա ռուսաց լեզվին:
Վասիլևայի արձագանքը․ - «Խնդիրն այն է, որ ես, որպես Ռուսաստանի կրթության նախարար, այստեղ իրականացնում եմ իմ կոնկրետ գործառույթները՝ կապված կրթության և գիտության ոլորտին: Թույլ տվեք ասել, որ դա բոլորովին այլ թեմա է․ Իմ այցի նպատակն է՝ խորացնել համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում»:
Ռուսաստանի Դաշնության կրթություն նախարարին արժանացրին Մանկավարժական համալսարանի պատվավոր դոտկորի կոչման։ Թեև այս համալասարանում նա որևէ ներդրում չի ունեցել, բայց Օլգա Վասիլևան մեծ ներդրում ունի գիտության զարգացման գործում․ այսպես մեկնաբանեց դոկտորի կոչման շնորհումը մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը։