Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարները ներգրավված են սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին: «Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: Հայկական պատվիրակության կազմում կա 22 փրկարար:
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բացման արարողությանը պաշտոնապես ազդարարվել է վարժանքի մեկնարկը:
Ըստ վարժանքի սցենարի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով գետերը վարարել են, կա ջրամբարների փլուզման վտանգ, և մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Լեռան լանջերին սողանքների պատճառով մոտակա շինությունները փլուզվում են, կան պայմանական զոհեր ու տուժածներ: Սցենարի համաձայն՝ աղետի հաջորդ օրը գրանցվում է նաև ուժեղ երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմում են միջազգային հանրությանը:
ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնը (EADRCC) նմանատիպ վարժանք է կազմակերպում ամեն տարի: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, և մասնակցել է 20 երկիր: