Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահը հաստատել է նոր կառավարության կազմը։ Անցած փետրվարին ընդունված Սահմանադրությամբ կիսանախագահականից նախագահական կառավարման անցած Ղարաբաղն այլևս վարչապետ չունի։
Բակո Սահակյանի հրամանագրով արդեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կզբաղեցնի պետական նախարարի պաշտոնը և կհամակարգի նախարարների գործունեությունը։
Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը վերանշանակել է մի քանի նախարարների՝ Արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Կրթության և գիտության, Մշակույթի:
Նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի 2001-2007-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Մասիս Մայիլյանը։
«Ազատության» հետ զրույցում Մայիլյանը չցանկացավ պարզաբանումներ տալ իր նշանակման մասին՝ խոստանալով դա անել նախագահի կողմից կառավարության կազմը ներկայացնելուց հետո։ Մոտ մեկ տարի առաջ Մայիլյանը նշանակվել էր ԼՂ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում Դաշնակցության խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ մինչև նշանակումները խորհրդակցություններ են անցկացվել քաղաքական ուժերի հետ, և իրենց առաջարկները ընդունվել են։
Իշխանյանն ասաց, որ առանցքային փոփոխություններից է երիտասարդ մասնագետների առկայությունը, ինչը, նրա կարծիքով, նշանակում է նոր մոտեցումներ:
«Նախագահի այս նոր մոտեցումները, սակայն, չեն առնչվում արտաքին քաղաքականությանը», - ասաց դաշնակցական գործիչը: Ըստ Իշխանյանի, նախարարի փոփոխությունը արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չի նշանակի, հետևաբար պետք չէ անձնավորել Մասիս Մայիլյանի նշանակումը․ - «Թե՛ Կարեն Միրզոյանը անցյալում և թե՛ նաև նորանշանակ նախարար Մասիս Մայիլյանը, կարծում եմ, պետք է շարունակեն այն որդեգրած քաղաքական կուրսը, որը համահունչ է մեր ազգային և պետական շահերին և որը բխում է Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ընդհանուր, մեր հայկական կողմի պատկերացումներից: Ես կարծում եմ, Դաշնակցությունը, ինչպես նախորդ նախարարների, այնպես էլ Մասիս Մայիլյանի հետ լուրջ անելիքներ ունի: Եվ մենք կարողանալու ենք մեր մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայել»:
Ղարաբաղի արդեն նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն «Ազատությանն» ասաց, որ դեռ չի մեկնաբանում իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Միրզոյանը Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից։
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ղարաբաղի արտգործնախարարի փոփոխության և ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումների միջև կապ կա․ - «Առնչություն կա: Որովհետև շրջանում, երբ կարծեք թե հայտարարվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում հայտարարվում է բանակցային գործընթացը վերսկսելու մասին, չի կարող այդպիսի նշանակումը կապ չունենալ: Որովհետև սա նշանակում է փաստացի մոտեցումների նորացում․ եթե ցանկանային հին մոտեցումները շարունակել արտաքին քաղաքականության մեջ, հաստատապես կարող էին պահպանել նաև Կարեն Միրզոյանի թեկնածությունը»:
Սաֆարյանի խոսքով՝ վերջին տարիներին վերլուծական գործունեությամբ զբաղվող Մայիլյանին արտգործնախարար նշանակելով պարզ է դառնում, որ իշխանության և ընդդիմության միջև այդ երկրում խոր անջրպետ չկա:
Նա նաև հիշեցրեց, որ Մայիլյանը 2007-ի նախագահական ընտրություններում պարտվել էր Բակո Սահակյանին․ - «Այս կտրվածքով թերևս հետաքրքիր է, որ, անկախ այդ տարաձայնություններից, որոնք նրանք ունեցել են Արցախի ներքին ու արտաքին զարգացումների կապակցությամբ, այնուամենայնիվ իշխանությունը գիտակցում է ընդդիմության պոտենցիալը, և եթե Մասիս Մայիլյանին առաջարկվում է նման բարձր պաշտոն, թերևս սա Արցախի ժողովրդավարության օգուտն է, իմ կարծիքով: Իհարկե ընդդիմության շրջանակներում կպակասի շատ կարևոր ձայն, բայց բոլոր դեպքերում Մասիսը Մայիլյան, որ իսկապես կարող է ներկայացնել հավասարապես և՛ դիվանագիտական աշխարհը, և՛ փորձագիտական աշխարհը, շատ հետաքրքիր սինթեզ է այդ երկու աշխարհների»:
Այս տարվա փետրվարին Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Նոր Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղը կիսանախագահականից անցավ նախագահական կառավարման, վարչապետի պաշտոնը վերացավ, և ըստ այդմ՝ նախագահն է ղեկավարում նաև կառավարությունը:
Հուլիսին ԼՂ Ազգային ժողովը Բակո Սահակյանին վերընտրեց նախագահի պաշտոնում: