Մատչելիության հղումներ

Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթում է Մերկելի առաջնորդած դաշինքը


Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում, Բեռլին, 24-ը սեպտեմբերի, 2017թ․
Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում, Բեռլին, 24-ը սեպտեմբերի, 2017թ․

Գերմանիայում կիրակի օրը անցկացված ընտրություններում հերթական հաղթանակը տարավ կանցլեր Անգելա Մերկելի առաջնորդած դաշինքը:

Նախնական արդյունքների համաձայն, Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը հավաքել է շուրջ 33 տոկոս՝ կորցնելով շուրջ 8 տոկոս նախորդ ընտրությունների համեմատ:

Մերկելը երեկ հայտարարել է, որ ավելի լավ արդյունք էին ակնկալում, հավելելով․ - «Մենք պայքարում էինք այն Գերմանիայի համար, որում մենք բոլորս ուրախությամբ կապրեինք: Հիմա մենք պետք է այնպիսի մի հիմք դնենք, որ այդ երազանքը հնարավոր լինի իրականացնել 5-10 տարի անց»:

Իր քաղաքականության առաջնայնություններից Մերկելը թվարկել է, նախ և առաջ, տնտեսության զարգացումը, Եվրամիության ամրապնդումը և ապօրինի միգրացիայի դեմ պայքարը:

Թեև ավելի վատ արդյունքով, սակայն իր ռազմավարական խնդիրը Մերկելի ղեկավարած դաշինքը լուծել է և խորհրդարան անցած ևս երկու կուսակցության հետ միասին ստեղծելու է կառավարություն:

Մերկելի ղեկավարած դաշինքի հիմնական մրցակից սոցիալ-դեմոկրատները տանուլ են տվել և հայտարարել, որ դառնում են ընդդիմություն:

Հիմնական սկանդալը Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ստացած 13 տոկոսն է: Սա աջ ծայրահեղական կուսակցություն է, որը դեմ է Եվրամիությանը, միգրանտներին, և փորձագետները այդ կուսակցությունը նույնիսկ համեմատում են ֆաշիստական կուսակցության հետ:

Ընտրությունների նախօրեին այդ կուսակցության ղեկավար Ալեքսանդր Գաուլանդը հայտարարել էր, թե ժամանակն է, որ գերմանացիները նորից սկսեն հպարտանալ գերմանացի զինվորի հաղթանակներով, ինչպես Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ էր:

Հիշեցնենք, որ Գերմանիան պարտվել է թե՛ Առաջին և թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմներում:

Երեկ Բեռլինի կենտրոնում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ բողոքի հավաք էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG