Գերմանիայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Գործող կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելը աջակիցներին կոչ է արել անել հնարավորը՝ չկողմնորոշված ընտրողների դիրքորոշման վրա ազդելու համար:
Ընտրությունների նախօրեին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը կոշտ քննադատության է ենթարկել իր հիմնական մրցակից Անգելա Մերկելին հայտարարելով, որ Մերկելը «չունի պլան ապագայի համար և սեփական գաղափարներ»: Քաղաքական գործիչը աջակիցներին հավաստիացրել է, որ ինքը մտադիր է «ապագա կառուցել» և հոգալ, որպեսզի Գերմանիան մնա սոցիալական ուղղվածության քաղաքականություն ունեցող երկիր:
Այս տարի խորհրդարան կարող է անցնել եվրոսկեպտիկների աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Քաղաքական այդ ուժը հանդես է գալիս հակամիգրանտական ծրագրով և հույս ունի ստանալ Սովետական Միությունից հայրենադարձների աջակցությունը: «Այլընտրանքը» Գերմանիայի միակ խոշոր քաղաքական ուժն է, որը կողմ է «Բրեքզիթին» և դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությանը:
Վերջին հարցումների համաձայն, Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության վարկանիշը մոտ 34 տոկոս է, Սոցիալ-դեմոկրատներին պատրաստ է աջակցել ընտրողների 21 տոկոսը: Իսկ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը աջակցում է ընտրողների 10-13 տոկոս, «կանաչներին»՝ 8 տոկոսը:
Երկրում քվեարկելու իրավունք ունի շուրջ 61,5 միլիոն մարդ: