Մատչելիության հղումներ

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակումը մտահոգել է վանաձորցի մտավորականներին


Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի շուրջ մայրաքաղաքում ծավալվող քննարկումներից անմասն չեն նաև Վանաձորի մտավորականները։

Մանկավարժական ինստիտուտի դասախոս, լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը սուր քննադատության է արժանացրել կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանին՝ օրերս տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած մտքերի համար։

«Ի՞նչ պետականության մասին կարող է խոսք լինել, երբ դոկտորի կոչումով կրթության նախարարը, քաջ իմանալով, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է և ինքն էլ, ի դեպ, պարտավոր է առաջինը պաշտպան կանգնել օրենսդրական այդ դրույթին, ոչ ավել, ոչ պակաս, ռուսաց լեզվի, այն էլ գրական ռուսերենի՝ Հայաստանում տարածման հայեցակարգ է մշակում ու տարածում», - ասում է նա:

Վանաձորցի գրող-թարգմանիչ Խորեն Գասպարյանի կարծիքով ևս ռուսաց լեզվի դասավանդման համար առանձին հայեցակարգի մշակումը վտանգավոր է պետության համար․ - «Դա արդեն մեծ վտանգ է մեր մայրենիի հանդեպ։ Մի տեսակ ճնշող քաղաքականության հոտ է գալիս սրանից ու շատ վատ, գեշ հոտ է գալիս։ Ես չեմ ուզում, որ իմ երկիրը, անկախ լինելով, թե համարվելով, ամեն ինչում զիջումների գնա որևէ արտաքին երկրի պարտադրանքի»:

Ռուսերեն և անգլերեն լեզուներին ազատորեն տիրապետող թարգմանիչն անհրաժեշտ է համարում ուսումնական հաստատություններում օտար լեզուների ուսուցումն ավելի բարձր մակարդակի վրա դնելը, կրթության որակի բարձրացումը, բայց առանց միմյանց նկատմամբ առավելությունների ու հատուկ կարգավիճակի։

«Այս կամ այն կերպով մարդկանց մեջ սերմանում են, թեկուզ պետականորեն, թեկուզ նախարարի մակարդակով, որ քո լեզուն ստորադաս է, ինչ-որ տեղ թերի լեզու է, որովհետև դու չես կարող համաշխարհային մշակույթի հետ շփվել, դու պարտադիր պետք է իմանաս ռուսերեն, չգիտեմ ինչ, և այլն, և այլն: Այդ դեպքում ուրեմն դա անընդունելի է և մերժելի։ Ես դա մերժում եմ միանշանակ։ Այդ է խնդիրը, ոչ թե լեզվի հանդեպ ինչ-որ ատելություն սերմանել, չգիտեմ ինչ, և այլն, և այլն», - ասում է թարգմանիչը:

Անդրադառնալով կրթության և գիտության նախարարության հնչեցրած հիմնավորումներին, թե մարզերից եկած ուսանողները բավարար չեն տիրապետում օտար լեզուներին, որպեսզի կարողանան այլ լեզուներով ուսումնական նյութերից օգտվել, Խորեն Գասպարյանը հակադարձում է․ - «Ոչ, ոչ, իմ կարծիքով՝ ոչ։ Լավ սովորեցնելու և լավ սովորելու դեպքում շատ լավ էլ կարելի է տիրապետել այդ լեզուներին»:

Գեղանկարիչ Սամվել Առաքելյանը հակադարձում է. հայեցակարգի դեմ պայքարն անիմաստ է․ - «Ամեն խաղ խաղացել ենք, մնացել է սարի սմբուլը։ Ասենք թե էլ ուրիշ ոչ մի բան չունենք անելու՝ ռուսաց լեզվի դեմ ենք պայքարում։ Այ մարդ, պայքարելու բաներ գտեք՝ պայքարեք։ Էնքան պայքարելու բաներ ասեմ»:

Գեղանկարիչը, ում դուստրն այսօր կրթություն է ստանում Միացյալ Նահանգներում, համամիտ չէ ռուսերենի մասին հայեցակարգը մերժողների հետ։ Շեշտում է, որ Հայաստանի մեծ թվով քաղաքացիների իր հարկի տակ հյուրընկալած պետության լեզուն պետք է իսկապես առավելություն ունենա մյուս օտար լեզուների համեմատ։

«Կուզենայի՝ իմ երկիրն էլ Ամերիկայի նման լիներ ինքնաբավ, ապահով երկիր, ոնց որ խոստացան ու չարեցին, մենք էլ մենակ հայերենով ապրեինք, բայց քանի որ կախյալ ենք և ուրիշ տեղ ենք մեր հանապազօրյա խնդիրները լուծում, որ երկիրն էլ որ գնում ենք, այդ երկրի լեզուն հարկավոր է, որ այստեղ կարգավիճակ ունենա: Թող մի քիչ ցածր՝ հայերեն լեզվից, բայց կարգավիճակին ես կողմ եմ», - ասում է նա:

Սակայն մոտ 10 օր առաջ շրջանառության մեջ դրված հայեցակարգին կողմ լինելով հանդերձ, Սամվել Առաքելյանը շեշտում է՝ Հայաստանում մշակված հայեցակարգերը շատ են, բայց դրանք չեն իրագործվում․ - «Լեզվի մասին հայեցակարգ կա, կոռուպցիայի մասին հայեցակարգ կա, հովանավորչության մասին հայեցակարգ կա, էս վարչապետն էլ ժիլետը գցում ա աթոռին, ասում ա՝ հայեցակարգ ունենք: Լավ մարդ է, շատ լավ մարդ է՝ համեստ, հետո սիմպատիչնի: Ասում են՝ սաղ կանայք՝ խելքները գնում են, բայց հայեցակարգով երկիր չի զարգանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG