Սեպտեմբերի 23-ից երևանյան կինոթատրոններում սկսվում է հայ-իրանական առաջին համատեղ արտադրության «Եվա » գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատարն է Նարինե Գրիգորյանը: «Ազատության» հետ զրույցում դերասանուհին ասում էր, որ շատ ուշագրավ ֆիլմ է ստեղծվել և ֆիմի ռեժիսորը՝ իրանահայ Անահիտ Աբադը, ի սկզբանե վճռել էր պարզ, բաց ցույց տալ հայ մարդու կյանքը մեր ժամանակներում:
«Բժշկուհի է Եվան, բայց կյանքի մի փուլում կարծես ինքը իրեն դավաճանում է՝ իր սկզբունքին՝ մի փոքր․․․ Եվ հետո դա բերում է մեծ սխալների, և հետո պատասխանատվության առաջ պիտի կանգնի և փորձում է փախչել այդ պատասխանատվությունից, մինչև որ վերջ ի վերջո կանգնում է դրա առաջ», - իր կերտած կերպարի մասին պատմեց դերասանուհին: - «Ֆիլմը հետպատերազմյան կյանքի մասին է, այն մասին, թե ինչ դրոշմ է դա թողնում մարդկանց առօրյայում, ինչպես է հայ մարդը կարողանում հաղթահարել դժվարությունները: Իհարկե, դա շատ համամարդկային թեմա է, որովհետև շատ այդպիսի սահմանամերձ գոտիներ կան, որտեղ այդ բարդույթները կան, բայց այստեղ նաև կան հայկական ավանդույթները․ հենց հարսանիքը, թաղումը: Այսինքն փորձել է Անահիտ Աբադ ռեժիսորը ամեն կերպ հայ մարդու կյանքը ցույց տալ»:
Նարինե Գրիգորյանի խոսքով, «Եվան» Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է, իսկ օպերատորը՝ Իրանի լավագույն օպերատորներից մեկն է՝ Հասան Քյարիմին:
Դերասանուհու խոսքով, ֆիլմը արդեն ցուցադրվել է Մոնրեալի փառատոնում, առաջիկայում սպասվում են ցուցադրություններ նաև մի շարք այլ միջազգային փառատոններում: