Մատչելիության հղումներ

Գորիսում անցած շաբաթ բռնկված աղիքային վարակի հետևանքով դեռ մեկ տասնյակ երեխա բուժում է ստանում


Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում անցած շաբաթ բռնկված աղիքային վարակի հետևանքով Գորիսի բժշկական կենտրոնում դեռևս մոտ մեկ տասնյակ երեխա է շարունակում բուժում ստանալ:

Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Մամիկոնյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հիվանդանոց են դիմել 3 տասնյակից ավելի հիվանդներ՝ հիմնականում միջին ծանրության:

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, դպրոցի 260 աշակերտներն, արդեն մի քանի տարի է, օգտվում եմ տաք սնունդ ստանալու հնարավորությունից: Սեպտեմբերի 14-ին, սակայն, դպրոցի երեխաներն ունեցել են լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է, որ Գորիսում աշակերտների շրջանում գրանցված դիզենտերիայի առաջացման պատճառը երեխաներին տրված սննդամթերքի երկրորդային աղտոտումն է: Դպրոցի սննդի հատվածի 3 աշխատակիցներից 2-ի, 14 կոնտակտավորներից 7-ի մոտ և սննդամթերքի 4 նմուշներից 2-ում հայտնաբերվել է միևնույն հարուցիչը:

Թիվ 3 դպրոցի տնօրենը հրաժարվեց խոսել կատարվածի մասին, միայն նշեց, որ կատարվածն իրենց համար անսպասելի էր:

Թիվ 3 դպրոցի աշակերտներից բացի նույն ախտորոշմամբ Գորիսի բժշկական կենտրոն են դիմել հիվանդներ նաև այլ բնակավայրերից: Այս մասով, սակայն, ուսումնասիրություններ չեն արվել:

Սյունիքի մարզպետարանի Առողջապահության բաժնի պետ Արմեն Թադևոսյանը «Ազատությանը» հայտնեց, որ մարզում իրավիճակը ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG