Մատչելիության հղումներ

Փայլան․ 2009-ի փաստաթուղթը կարևոր է, բայց հարկավոր է նոր, մաքուր թղթից սկսել


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները պատրաստ են Թուրքիայի հետ երկխոսության դուռը նորից բացել, սակայն Թուրքիան ևս պետք է պատրաստ լինի:

Հայաստանի նախագահ Սերժ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից օրերս հայտարարել էր,
որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ։

Փայլանի կարծիքով, արձանագրությունները կարևոր էին, սակայն այժմ էլ կարելի է սկսել սպիտակ թղթից․ - «Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպեցի, պարոն վարչապետի հետ հանդիպեցի, դրանից հետո էլ նախագահի հետ պիտի հանդիպեմ: Գիտեմ, որ նրանք պատրաստ են նորից բացել այս դուռը, բայց պետք է, որ Թուրքիան էլ պատրաստ լինի: Երբ Թուրքիա վերադառնամ, թուրք նախարարների հետ պիտի խոսեմ, և այս դուռը մի փոքր բացելու համար պիտի ջանամ: 2009-ի փաստաթուղթը կարևոր է, բայց հարկավոր է նոր, մաքուր թղթից սկսենք»:

Երկխոսությունը վերսկսելու համար, սակայն, պետք է ջանք թափել: Ըստ Փայլանի, ժողովրդավարության վիճակը Թուրքիայում վատթարացել է, ազգայնական տրամադրությունները՝ զգալիորեն աճել: Վիճակը սրված է հատկապես քրդական հարցի առնչությամբ: Սեպտեմբերի 25 ին նախատեսվում է Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն, և, ըստ Փայլանի, Թուրքիան հնարավոր է նույն կերպ վարվի քրդերի հետ, ինչպես մեկ դար առաջ հայերի հետ վարվեց․ - «Սա շատ արյունոտ կարող է լինել»:

Մեկնաբանելով ռուս-թուրքական որոշակի մերձեցումը՝ Փայլանը սա ևս կապեց քրդական հարցի հետ: Նրա խոսքով՝ մեծ խաղ է ընթանում, որ արյունալի իրադարձությունների կարող է վերածվել․ - «Կարող եմ ասել, որ Ամերիկան ավելի քրդերի հետ է քայլում, այդ պատճառով Էրդողանը ջանում է Ռուսաստանի հետ քայլել: Մենք՝ բոլոր հայերս պետք է այս խաղին տեղյակ լինենք: Պետք է խելամիտ լինենք»:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի խոսքով, Ցեղասպանությունից հետո արդեն որերորդ սերունդն է սպասում արդարության հաստատմանը: Եվ քանի որ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է առերեսվել իր անցյալ հետ, բացել հայ-թուրքական սահմանը, պետք է աշխատել Թուրքիան ավելի ժողովրդավար դարձնելու ուղղությամբ: Դա, ըստ նրա, ավելի ու ավելի բարդ է դառնում, քանի որ ազգայնական միտումները տարեցտարի ավելանում են, նորանոր դրսևորումներ ստանում, ինչպես, օրինակ, խորհրդարանում ցեղասպանություն բառը կիրառելու արգելքը:

«Բառը կարևոր չէ: Եթե մենք որևէ ուղի գտնենք Թուրքիայում և սկսենք խոսել, թե ինչ է եղել 1915-ին, եթե այն բառը գտնենք, որ միասնաբար՝ թուրքերը, քրդերը, հայերս, կհամարենք, որ արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել, դա կլինի այն բառը, որը կարտասանվի Թուրքիայի խորհրդարանում», - ասաց Կարո Փայլանը:

Փայլանը այս շաբաթասկզբին Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայաստան - Սփյուռք համաժողովին մասնակցելու և Անկախության օրվա տոնակատարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG