Մատչելիության հղումներ

«Խոստումը» ֆիլմը միայն անցյալի մասին չէ․ Ռեժիսոր Թերրի Ջորջ


Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր, օսկարակիր Թերրի Ջորջը և ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Երևանում են՝ մասնակցելու ֆիլմին նվիրված երաժշտական ներկայացմանն ու միջոցառումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն ասաց՝ իր ֆիլմը համամարդկային խնդիրներ է շոշափում, այն պատմություն է սովորական մարդկանց մասին, ովքեր փորձում են հաղթահարել չարիքը:

Թերրի Ջորջն ասում է, թե ֆիլմը հաջողված է համարում, հատկապես մարդկանց իրականությունը ներկայացնելու առումով: Ըստ ռեժսիորի, ոչ հայ հանդիսատեսի արձագանքը ֆիլմին գրեթե նույնն է եղել՝ նրանք պարզել են, որ կամ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, կամ շատ քիչ բան գիտեն: «Մարդիկ ապշած էին, որ այս ամենի մասին չեն սովորել պատմության դասերին, զարմանում են, երբ ասում էի, որ Միացյալ Նահանգները կամ Մեծ Բրիտանիան մինչ օրս չեն ճանաչել այն, և որ Թուրքիայի կառավարությունը մերժում է ցեղասպանությունը: Սա հիմնական արձագանքն էր, և կարծում եմ՝ մենք այս պատմությունը տարածելու առումով հաջողության ենք հասել»,- ասաց Թերրի Ջորջը:

Թեև «Խոսոտւմը» ֆիլմի դեմ մեծ արշավ էր սկսվել սոցիալական ցանցերում, ինչպես նաև կինոթատրոնների նկատմամբ ճնշումներ են գործադրվել, Ջորջն ասում է, որ դրանք միայն կարճաժամկետ ու փոքրիկ հաջողություններ են արձանագրել․ որոշ հարթակներում ֆիլմի վարկանիշին վերաբերող թվերն անկում ապրեցին: «Սակայն երկարաժամկետ առումով այդպիսի արշավները հաջողություն չունեն, մարդիկ միևնույն է՝ դիտում են ֆիլմը, որը նկարահանվել է ոչ թե մեկ ամսվա, այլ հարյուր տարվա համար»,- ասաց ռեժիսորը: Նրա խոսքով՝ անձնական սպառնալիքներ իր հասցեին դեռ չի ստացել, սակայն մշտապես բախվել է ժխտողականությանը՝ տարբեր երկրների կառավարությունների կողմից: Թուրքիան ևս բացառություն չէր, սակայն այս բոլոր ժխտումներն ինքը «ընդունում է որպես վստահության քվե»:

Թերրի Ջորջն ասում է՝ «Խոստումը» ֆիլմը պատմական դրամա չէ, այն նաև ժամանակակից է: «Երբ մենք նկարահանում էինք ֆիլմի Մուսա լեռան պաշարման հատվածը, նույն այդ ժամանակ հետևում էինք Դերզորից, Հալեպից, Հոմսից փախստականների հոսքին: Մենք նկարահանում էինք Միջերկրական ծովում նավաբեկության մասը և նույն այդ ընթացքում դարձյալ Միջերկրական ծովում հարյուրավոր փախստականներ էին խեղդվում: Եվ ուրեմն ստացվում է, որ այս ֆիլմը նաև ժամանակակից է, ներկայի մասին է»,- ասում է ռեժիսորը, հույս հայտնելով, որ իր հաջորդ ֆիլմը կշարունակի թեման․ այն կլինի Իրաքի փախստականների մասին:

Ցեղասպանությունների թեմային անդրադարձող Թերրի Ջորջն ասում է՝ ռեժիսորները չեն կարող պատասխանել հարցին, թե ինչու են նման սարսափելի աղետներ տեղի ունենում, ռեժիսորները չեն կարող նաև լուծումներ առաջարկել: «Մենք տալիս ենք տեղի ունեցողի պատկերը, պատմում ենք զգացմունքային պատմություններ, որոնք մարդկանց կոգեշնչեն՝ սատարել փախստականներին, օգնում ենք մարդասիրական կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան դիմագրավել արհավիրքներին: Կարծում եմ՝ կինոյի, հեռուստատեսության և լրատվամիջոցների պարտականությունն է՝ վեր հանել չարի դեմ հաղթանակի պատմությունները: Կարծում եմ՝ Հայաստանի և հայոց սփյուռքի այսօրվա հաջողությունը ոգեշնչող է և հիմք է՝ նման ֆիլմեր ստեղծելու համար»,- ասաց Թերրի Ջորջը:

Սա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջի երկրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ նա Հայաստան էր եկել չորս տարի առաջ՝ ֆիլմի համար ուսումնասիրություններ անելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG