Մատչելիության հղումներ

Նախարար․ Վարչապետը չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ


«Ռուսաց լեզվի դասավանդման համար առանձին հայեցակարգ մշակելու հանձնարարական վարչապետը չի տվել», - այսօր ի պատասխան «Ազատության» հարցին արձագանքեց Կրթության ու գիտության նախարարը։ Լևոն Մկրտչյանն ասաց, որ Կարապետյանը միայն հանձնարարել է բարձրացնել օտար լեզուների դասավանդման որակը, իսկ նախարարությունը՝ որպես ոլորտային քաղաքականության պատասխանատու, մշակել է երկու առանձին հայեցակարգ։

Սեպտեմբերի 11-ից շրջանառության մեջ դրված ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգում նշվում է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, մինչդեռ երեկ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը նման հանձնարարական չի տվել:

«Վարչապետը չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ», - ասաց Լևոն Մկրտչյանը: - «Վարչապետի հանձնարարականը եղել է որակական փոփոխություն առաջացնել օտար լեզվի դասավանդման մեթոդիկայում: Ռուսերենը օտա՞ր լեզու է: Եթե մենք մշակել ենք անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգը, չպիտի՞ մշակենք ռուսերենի հայեցակարգը: Դուք եք կրթության նախարարը, ինչպե՞ս պիտի կատարեք օտար լեզուների [դասավանդման] բարելավման ծրագիրը»:

Կրթության նախարարը նշեց, որ դեռ դեկտեմբերից սկսած աշխատանքի արդյունքում առանձնացվել է երկու հայեցակարգ՝ ռուսաց լեզվի եւ լատինատառ լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի ու գերմաներենի։

Այն, որ ռուսերենը առանձին է մյուսներից, ընդամենը տարբեր լեզվաընտանիքների պատկանելության հարցն է, ոչ մի արտոնություն ռուսերենի համար չկա՝ վստահեցնում է Մկրտչյանը․ - «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է և կմնա հայերենը, որովհետև մենք անկախ, սուվերեն երկիր ենք: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մնացյալ բոլոր լեզուները օտար լեզուներ են: Մեր հայեցակարգերի այս բլոկը, որը դրված է սայթում, ֆիքսում է, որ ռուսաց լեզվի կարգավիճակը օտար լեզվի կարգավիճակ է: Մնացած բոլորը, իմ խորին համոզմամբ, կեղծ քաղաքական օրակարգ է»:

Ռուսաց լեզվի դասավանդման մասին հայեցակարգում գրված է, որ «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», որպես նպատակ նշում է «ռուսաց լեզվի հանրայնացումը» և ընդգծվում, որ «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»:

«Ռուսերենը Հայաստանում ամենատարածված օտար լեզուն», - սա արդեն նախարարն է նշում ու հավելում, որ Եվրասիական տնտեսական միության անդամագրվելուց հետո դրա իմացությունն իսկապես կարևոր է․ - «Ինքը նախկին ԱՊՀ և այսօր արդեն Եվրասիական տնտեսական համագործակցության աշխատանքային լեզուն է, մեր բնական գիտությունների բազան գրականության հենքով ամբողջությամբ նստած են այսօր ռուսաց լեզվի վրա, մեր գիտական և ռազմաարդյունաբերական համալիրի, գիտական հաստատությունների մեծ մասի դաշտը փոխգործակցության ռուսերեն է: «Ամազոն»-ով ֆիզիկայի կամ իրավագիտության դասագիրք, ես իմ փորձով եմ ասում, որ պատվիրում ես, եթե արժի, ասենք, հարյուր դոլար անգլերենը, այդ նույն դասագրքի ռուսերեն թարգմանությունը արժի տասը դոլար»:

Հայ աշակերտներին ռուսերենը դասավանդվում է 2-րդ դասարանից, իսկ հայեցակարգերի հաստատումից հետո դրան կավելանա նաև անգլերենը։ Դաշնակցական նախարարի խոսքով՝ ինքը չի հասկանում հասարակության մտահոգության պատճառը։

Հիշեցնում ենք նախարարին՝ երկու ամիս առաջ Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել էր Հայաստանի իշխանություններին օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները։

Լևոն Մկրտչյանի արձագանքը․ - «Եթե մենք ունենք օրենք հայագիտական առարկաների պաշտպանության մասին, մենք պետք է վստահենք մեր օրենքներին, մեր պետությանը և չվախենանք: Եվ ամեն երկրորդական-երրորդական կարգի օտար չինովնիկ երբ որ մի բան է ասում, դա չպիտի առաջացնի աժիոտաժ Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մենք 25 տարի անկախ երկիր ենք»:

Օրերս Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ահազանգեց, որ Ռուսաստանում
օպտիմալացնում են Մոսկվայի արևելյան լեզուների խորացմամբ, Լազարյան եղբայրների անվան թիվ 2042 դպրոցը, նախկին Լազարյան ճեմարանը, որը ստեղծվել էր դեռ 19-րդ դարում: Այնտեղ սովորող աշակերտների կեսը հայերն են։ Մեր այս դիտարկմանը նախարար Մկրտչյանն արձագանքեց, թե հաջորդ շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Ռուսաստանի կրթության նախարարը, նրան նախ շնորհակալություն են հայտնելու դպրոցի գոյությունը պահպանելու համար և քննարկելու են դրա հետագա ճակատագրի հարցը․ - «Իրենք այսօր գործող դպրոց են: Որ վտանգ կա՝ կարող է: Դրա համար այս այցի կետերից մեկը դա է լինելու»:

«

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG