Մատչելիության հղումներ

«Հակախորհրդայինները» ցուցահանդեսը պատմում է ստալինյան տեռորի հայ զոհերի մասին


Հայաստանի ազգային արխիվը, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը և Ազգային գրադարանն այսօր Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում բացեցին «Հակախորհրդայինները» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Խորհրդային Միությունում տեղի ունեցած Մեծ տեռորի 80-րդ տարելիցին:

Ինչպես խորհրդային մյուս հանրապետություններում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում վիթխարի չափերի հասած բռնությունները մի քանի տասնյակ միլիոն մարդու կյանք են խլել: 80-ականների վերջին անգամ խոսվում էր այն մասին, որ ստալինյան քաղաքական բռնաճնշումների, տեռորի արդյունքում զոհերի թիվն ավելի մեծ է եղել, քան Խորհրդային Միությունում երկրորդ աշխարհամարտի ընթացքում զոհվածներինը: Վերջիննիս թիվը պաշտոնապես հայտարարվում է 20 միլիոն:

Այն սոսկալի ժամանակաշրջանում՝ 1937-ից մինչև Ստալինի մահն ընկած ժամանակաշրջանում թե՛ բռնաճնշումների, թե՛ բռնի տեղահանումների, թե՛ հազարավոր գնդակահարությունների մասին Հայաստանում, որոնց արդյունքում, ինչպես այսօր շեշտում էին ցուցահանդեսի կազմակերպիչները, մոտ 60 հազար մարդ է զոհվել, աքսորվել, մահացել համակենտրոնացման ճամբարների դաժանագույն պայմաններում և այլն:

«Մեր խնդիրն է խուլ վախը, բացահայտված վախը, կուտակված տագնապը, չգիտակցված նաև խնդիրը տեղափոխել նաև հանրային դաշտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցահանդեսի կազմակերպիչներից «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Հրանուշ Խառայանը:

Նա ընդունեց, որ ցուցահանդեսը չի տալիս ընդհանուր պատկերը․ - «Չեմ կարծում, որ տալիս է: Շատ ավելի լավ կլիներ երևի միայն մի կոնկրետ խնդիր վերցնել: Բայց մենք այնքան տեղյակ չենք․․․ Օրինակ, մենք վերջում սրահ ունենք դեպորտացիաների մասին: Դեպորտացիաներին այնքան անտեղյակ են: Դեպորտացիաները Հայաստանում սկսվել են 37 թվին․ խմբային, ընտանիքով աքսորները՝ հավերժ աքսորները: Նույնիսկ այդ տերմինները չունենք․․․ Մենք այստեղ, օրինակ, դրել ենք այդ երևույթի հետ կապ ունեցող փաստաթղթերը 37 թվից: Դրել ենք Ղրիմի հայերի աքսորը, համշենցի հայերի աքսորը և բավական շատ փաստաթղթեր 49 թվականի աքսորի՝ այդ թվում Ադրբեջանի, Վրաստանի, Կրասնոդարի ներքին գործերի նախարարների զեկույցները, թե իրենք քանի մարդ են աքսորել»:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասաց․ - «Մենք այսօր պատրաստել ենք և շուտով էլեկտրոնային ձևով կայքերում կլինեն բոլոր բռնադատվածների անունները՝ ծննդյան թվերով, վայրերով, ինչի համար են ձերբակալել, քանի օր են պահել բանտում, երբ են գնդակահարել, երբ են ուղարկել Սիբիր աքսորի, որտեղ է մահացել այնտեղ»:

Ցուցահանդեսի բացմանն այսօր ներկա էր նաև և խոսք ասաց Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Հեննետբերգերը՝ շեշտելով, որ Գերմանիայի կառավարությունը 6 տարի ֆինանսավորել է այս ծրագիրը, որի շնորհիվ էլ հնարավոր դարձել ներկայացնել այս ցուցահանդեսը:

Փոխդեսպանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակը ոչ միայն ընդհանրական պատկերացում տալն է այդ ժամանակվա բռնաճնշումների, այլև սա հարգանքի տուրք է ստալինյան տեռորի զոհերի հիշատակին:

Ամատունի Վիրաբյանի խոսքով, մյուս տարվանից Ազգային արխիվը սկսելու է հրատարակել իրենց ուսումնասիրությունների արդյունքները հինգ հատորով, որտեղ տեղ են գտնելու ոչ միան զոհերի, այլև դահիճների անունները․ - «Բոլորի անունները: Պատմությունը կիսատ չպետք է լինի, պատմությունը պետք է լինի ամբողջական: 37 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին օր է եղել, որ գնդակահարվել է 120 մարդ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG