Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Սեֆիլյանի գործով դատավարությունը «կրկեսի է վերածված»


Ամբաստանյալ Ներսես Պողոսյանն ու նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը համոզված են, որ Սեֆիլյանի գործով վկաներից Վիգեն Թանաշյանի նախաքննական ցուցմունքը քննիչի թելադրանք է:

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատավարության ընթացքում հարցաքննվող Թանաշյանը նշեց, որ համացանցում անդամակցել է Հիմնադիր խորհրդարանի խմբին՝ Հայաստանում ընկերներ գտնելու համար։ Հետո մամուլից տեղեկացել է, որ Սեֆիլյանն ու մյուսները քաղաքական նպատակներ են հետապնդում և դադարեցրել է մասնակցությունը։

Այսօրվա և նախաքննության ընթացքում առկա հակասությունների պատճառով մեղադրող կողմի միջնորդությամբ հրապարակվեց Թանաշյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան Սեֆիլյանի ու նրա համակիրների գործունեությունը հանցավոր և հակազգային էր որակել․ - «Համացանցով տարածված տեղեկատվությամբ, ելույթների տեսագրություններով Հիմնադիր խորհրդարանի ղեկավարները՝ Ժիրայրը, Գևորգ Սաֆարյանը, մյուս ղեկավարները բացահայտ հայ ազգաբնակչությանը հրահրում էին անկարգությունների, քաղաքացիական անհնազանդությունների»:

Վիգեն Թանաշյանը խնդրեց ամբողջությամբ հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը, քանի որ այն ժամանակ հիշողությունը «թարմ է եղել, հիմա շատ բան մոռացել է»։

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը խնդրեց պարզաբանել լիբանանահայ Թանաշյանին նախաքննական ցուցմունքում օգտագործած «արծարծել» բառի իմաստը, և երբ վերջինս ասաց՝ քննարկել, Պողոսյանն ասաց․ - «Ստեղից արդեն պարզ է դառնում, որ ինքը չի գրել»:

«Ցուցմունքը գրված էր գրագետ հայերենով, իրավաբանական բարձր պրոֆեսիոնալիզմով: Անկհայտ է, որ դա շինծու ցուցմունք է եղել: Հարցերի պատասխանների ժամանակ պարզ դարձավ, որ վկան արևելահայերենի ընկալման խնդիր ուներ», - ասաց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյան։

Նախորդ վկան՝ Սմբատ Գալոյանը հրաժարվեց դատարանի դահլիճում պատասխանել հարցերին, ինչը պաշտպան Պապիկյանը կրկին ուղղորդում որակեց․ - «Շատ գեղեցիկ բացատրել էին, որ ինքը հրաժարվի Ներսես Պողոսյանի կամ Ներսես Պողոսյանի պաշտպանի հարցերից, և նա օգտվեց այդ իրավունքից: Եթե նկատեցիք, միայն այդ մասով օգտվեց իր իրավունքից․ մեղադրողի կամ այլ պաշտպանների հարցերին պատասխանում էր, դատարանի հարցերին պատասխանում էր․․․ բայց մեզ ընդհանրապես չպատասխանեց»:

Այսօր հարցաքննվող վերջին վկան՝ Սահակ Սահակյանը ևս, ըստ Պապիկյանի, հակասական ցուցմունքներ է տվել։ Սակայն դատարանը մերժեց նախաքննական ցուցմունքը հրապարակելու պաշտպանի միջնորդությունը։

Դատական նիստի ընթացքում Պապիկյանը խնդրեց դատարանին միանգամից հրապարակել իր պաշտպանյալի պատիժը, քանի որ կարծում է՝ արդար դատաքննություն չի իրականացվում։

«Այստեղ կա հստակ քաղաքական պատվեր․ անհրաժեշտ է այս դահլիճում գտնվող անձանցից մի քանիսին ենթարկել պատասխանատվության, պատժել ազատազրկման ձևով: Ցավով պիտի նշեմ՝ կրկեսի վերածված դատավարություն է», - ասաց Պապիկյանը:

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի:

Գործով անցնող 14 վկաներից մինչև այժմ դատարանում հարցաքննվել է 4-ը, մյուսներն այսօրվա նիստին չէին ներկայացել։

Այսօրվա նիստին նաև չէր մասնակցում դատարանում ոտքի չկանգնելու համար դահլիճից հեռացված Ժիրայր Սեֆիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG