Առաջիկա ամիսներին «Ժառանգություն»-ը նախաձեռնելու է պայքար՝ կանխելու Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Պատասխանելով «Ազատության» հարցին, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասաց, թե այժմ ժողովրդի տրամադրություններն են շոշափում, ակտիվացնում մարզային կառույցները:
«Եթե ժողովուրդն այդ պահանջարկը ներկայացնի, եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն, պատրաստ է նաև ակտիվ, նախաձեռնող քայլերի, ինչու չէ, մենք պետք է հրապարակային, հանրային քայլերով ամեն ինչ անենք, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը: Մենք կարծում ենք, որ դա կործանարար կլինի մեր ապագայի համար: Կարող եք գարնան ընդառաջ՝ «Ժառանգությունից» և ոչ միայն «Ժառանգությունից» սպասել ակտիվ նախաձեռնություններ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ամառվանից տարբեր ուժերի հետ հանդիպումներ անցկացրած «Ժառանգություն»-ը դեռ կփորձի ընդդիմադիր լայն ճակատ ձևավորել․ «Մենք պիտի շարունակենք առանց նախապայմանների կապն իրենց հետ, որպեսզի տեսնենք՝ մենք հնարավորություն ունե՞նք աշնանը կամ տարեգլխին (տարեսկզբին) Հայաստանի հանրությանն առաջարկել մի նոր ձևաչափ, նոր բովանդակություն, որը գոնե կնպաստի, որ մենիշխանությունը, կուսակցական իշխանությունը այսպես չշարունակվի»:
Հովհաննիսյանի համոզմամբ՝ հակառակ դեպքում արդեն ամիսներ անց՝ 2018-ի ապրիլին, Հայաստանը վերածվելու է մեկ անձի պետության: «Ով էլ լինի, մի հոգի, մի կուսակցություն, իրավունք չունի դառնալու Հայաստանի սեփականատերը: Երկրի, բոլորիս համար մեծագույն սխալ կլինի, եթե ինքը փորձի այս կամ այն եղանակով ուղղակի կամ զարտուղի, այս կամ այն չակերտյալ օրենքի հղմամբ՝ շարունակել իր մենիշխանությունը մեր երկրում: Իր իսկ սերունդներին վնասի կենթարկի, և դա արդեն առաջին հերթին իր մտածելու բանն է:
Սա առաջին, երկրորդը՝ ես իրեն ճանաչում եմ որպես ՀՀԿ նախագահ, և իր կուսակցությունը նույնպես պիտի մտածի, թե իրենց հետագիծը ինչպես պիտի ներկայացվի հաջորդ սերունդներին»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:
«Ժառանգությունն» այսօր նշում էր հիմնադրման 15-ամյակը: Րաֆֆի Հովհաննիսյանը միջոցառման հյուրերին պատմեց, որ Հայաստանում ընդդիմադիր լինելը հեշտ չէ: «Հետխորհրդային Հայաստանը ամենաուրախ և երջանկ տեղը չէ՝ ընդդիմություն լինելու համար: Կուսակցությունն անմասն չի մնացել այն ճնշումներից ու հետապնդումներից, որոնք բնորոշ էին և են հետխորհրդային Հայաստանի անիրավակարգ իշխանությանը»,- ասաց Հովհաննիսյանը:
Հանդիսությանը ներկա չէին կուսակցության նախկին անդամներ, հայտնի անուններ՝ Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան: «Իրենց շատ կարևոր ներդրումը կատարել են «Ժառանգության» կայացման և զարգացման մեջ, և դա անուրանալի է: Այսօր մենք տոնում ենք «Ժառանգության» տարեդարձը «Ժառանգության» ներկա անդամներով»,- ասաց կուսակցության ղեկավարը:
«Ժառանգության»-ը շնորհավորելու էին եկել «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: Ներկա էին նաև օտարերկրյա դիվանագետներ, ուղերձ էր հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաջնորդը: «Ժառանգություն»-ը և իշխանական Հանրապետականը ԵԺԿ անդամներ են: Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ Սերժ Սարգսյանին էլ էր հրավիրել, բայց որպես Հանրապետականի ղեկավար: Ընդդիմադիր գործիչը կռահում է՝ ինչու են իրեն քննադատում Հայաստանի երեք նախագահներն էլ․ «Երևի ինչ-որ մի ճիշտ բան անում ենք, սխալներին զուգահեռ»:
Րաֆֆի Հովհհանիսյանի հիմնադրած «Ժառանգություն»-ը երկու անգամ ներկայացված է եղել խորհրդարանում, վերջին ընտրություններին կուսակցությունը մասնակցեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքով ու չհաղթահարեց անցողիկ շեմը: