Երեկ Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծել են առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։
Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Ժան-Բատիստ Լեմուանի հետ:
Նախարարները քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների գործակցությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ։
Հիշեցնենք՝ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: