Հոկտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները անցկացվելու են նաև Հայաստանի տարածքում: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը:
Ըստ հաղորդագրության՝ «Մարտական եղբայրություն-2017» կոչվող ընդհանուր զորավարժությունները ներառելու են տարբեր տեսակի զորքերի վարժանքներ:
«Որոնում-2017» անվան տակ անցկացվելու են ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետախուզական ստորաբաժանումների վարժանքները: Արագ արձագանքման հավաքական ուժերը անցկացնելու են «Փոխգործակցություն-2017», իսկ խաղաղապահ ուժերը՝ «Անխախտ եղբայրություն-2017» վարժանքները:
Այս բոլոր վարժանքները տեղի են ունենալու հոկտեմբերի 3-20-ը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներում, հաղորդում է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, նշելով, որ առաջին անգամ բոլոր գործողությունները անցկացվելու են մեկ ընդհանուր մտահղացման՝ «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում:
Զորավարժությունների մարտավարական գործողությունների թվում նաև նշված է, որ անցկացվելու են համատեղ վարժանքներ՝ ուղղված Կովկասյան տարածաշրջանում զինված հակամարտությունների մեկուսացմանը:
ՀԱՊԿ-ի անդամ են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: