Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր անդրադաձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի աղմկահարույց հայտարարությանը՝ նշելով, թե կդժվարանա հստակ գնահատական տալ, թե ինչու են հայերը թողնում Հայաստանը:
«[Պատճառները] Բազմաթիվ են, զանազան են, և պետք է բոլորս տեսնենք, ընկալենք, գիտակցենք։ Մենք մշտական պատերազմի վտանգի առջև կանգնած և պատերազմող երկիր ենք: Բնականաբար ընտանիքներ կան, հայորդիներ կան, որոնք որ ցանկանում են այդ վտանգից զերծ մնալ: Այսինքն՝ չվտանգել իրենց զավակների կյանքը: Երկիրը տնտեսական շրջափակման մեջ է, բլոկադայի մեջ է, և այս տնտեսության վիճակը նույնպես ներազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտման վրա: Շատերը դժվարություններ ունեն, աշխատանք չունեն, միջոցներ չունեն և փնտրում են հնարավորություններ այլ երկրներում, որտեղ կկարողանան իրենց կյանքի բարեկեցությունը ապահովել: Այս իրավիճակների մեջ մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը․․․ Ձախողած գործի, տեղ գտած անարդարության պատճառով մենք չենք կարող լքել մեր հայրենիքը», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Գարեգին Վեհափառը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր անձ, նաև եկեղեցական բարձրագույն աստիճանի վրա կանգնածը, իր տեսակետները, ընկալումներն ունի․ - «Բոլորս խոսում ենք մեր երկրից մեր ժողովրդի արտագաղթի մասին: Եվ մենք մեր ջանքերը պիտի մեկտեղենք, բոլորս՝ սփյուռք, Հայաստան, անխտիր ողջ հայությունը պետք է իր ջանքերը մեկտեղի, որպեսզի կարողանա կանխել այդ երևույթը»:
Սեպտեմբերի 18-ին դիմելով Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հայտարարեց․ - «Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել»:
Արամ Վեհափառը այդ խոսքերը հնչեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, որի պաշտոնավարման օրոք՝ 2008-ի հունվարի 1-ից մինչև այս տարվա հուլիսի 1-ը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով՝ հասնելով 2 միլիոն 979 հազարի:
Հարցին, թե արդյոք իշխանությունները մեղքի իրենց բաժինն ունեն, որ Հայաստանը դատարկվում է, Արամ Վեհափառը այսօր արձագանքեց․ - «Ես ասելիքս պատգամիս մեջ ասել եմ․․․ Խոսենք անկախության մասին: Անկախությունը սրբազան արժեք է: