Մատչելիության հղումներ

«Հինգշաբթի ընթրելու եմ պարոն Պուտինի հետ»․ Էրդողան


Ռեջեփ Էրդողան և Վլադիմիր Պուտին, Համբուրգ, 8-ը հուլիսի, 2017 թ․
Ռեջեփ Էրդողան և Վլադիմիր Պուտին, Համբուրգ, 8-ը հուլիսի, 2017 թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջիկա հինգշաբթի օրը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մի շարք հարցեր, այդ թվում, սիրիական հակամարտությունը քննարկելու նպատակով: Այս մասին երեկ Նյու Յորքում հայտարարել է հենց ինքը՝ Էրդողանը, Բլումբերգի գործարար համաժողովում ունեցած իր ելույթում:

«Երկուշաբթի օրը պարոն Պուտինի հետ հեռախոսազրույց կունենամ, իսկ հինգշաբթի միասին կընթրենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը, չհստակեցնելով հանդիպման վայրը: Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները վերջին անգամ հանդիպել են անցած հուլիսին՝ Մեծ քսանյակի անդամ երկրների հավաքի շրջանակներում: Մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք կտրուկ սրվել էին 2015-ի նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական մարտական օդանավի խոցման հետևանքով, Էրդողանն ընդգծել է, թե Մոսկվայի հետ եղած բոլոր տարաձայնությունները հարթված են:

«Թուրքիան արդեն անցել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բացասական շրջանը, այժմ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է»,- ասել է Թուրքիայի նախագահը, ով, հիշեցնենք, անձամբ ներողություն էր հայցել ռուսական կողմից՝ օդանավի խոցման միջադեպի համար: Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգմանը զուգահեռ, Անկարան սկսեց խոսել Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու շուրջ բանակցություններ սկսելու մասին: Չնայած Արևմուտքի հնչեցրած մտահոգություններին և քննադատություններին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան գնաց այդ գործարքին, պնդելով՝ Ռուսաստանից այդ սպառազինության ձեռք բերումը թուրք ժողովրդի համար կենսական նշանակություն ունի:

«Եթե Սիրիայում, մեզնից ոչ հեռու, տեղակայված է С-400, ապա ես ձգտելու եմ, որպեսզի մենք էլ ունենանք С-400, նույնիսկ С-500 և С-600»,- երեկ հայտարարել է Էրդողանը, հավելելով․ «Եթե մենք չենք կարողանում զենք գնել ՆԱՏՕ-ից, ապա զենք ձեռք բերելու այլ ուղիներ կգտնենք»: Նախագահ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան քայլեր է ձեռնարկում նաև բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու ուղղությամբ՝ «իր քաղաքացիներին պաշտպանելու նպատակով»: «Մեր պարտականությունների մեջ է մտնում 80 միլիոնանոց Թուրքիայի պաշտպանությունը»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Մոսկվան և Անկարան թանկարժեք սպառազինության առք ու վաճառքի շուրջ բանակցությունները սկսել են դեռ ամիսներ առաջ: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարն արդեն իսկ մուծել են: Չնայած Հյուսիսատլանտյան դաշինքի հակազդեցությանը` Մոսկվան ու Անկարան հաստատակամ են՝ այդ գործարքն ավարտին հասցնելու հարցում:

Ռուսաստանից զենք գնելու՝ Թուրքիայի մտադրությանն Արևմուտքում քննադատությամբ արձագանքեցին: Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, մասնավորապես, հայտարարել է, թե այդ գործարքը ԱՄՆ-ում չի կարող մտահոգության տեղիք չտալ: Ամերիկյան կողմի պնդմամբ՝ ռուսաստանյան արտադրության այդ սպառազինությունը «գրեթե անհնարին է ինտեգրել» ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության միասնական համակարգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG