Անցած գիշերը Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և Կատալոնիայի անկախության հանրաքվեն պաշտպանող ցուցարարների միջև: Կան նոր ձերբակալվածներ:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե է նշանակված: Իսպանիայի կենտրոնական իշխանությունները այն համարում են անօրինական և հակասահմանադրական: Կատալոնցիները պաշտպանում են իրենց անկախության ձգտումները:
Այսօր ևս հազարավոր կատալոնցիներ հավաքվել են Գերագույն դատարանի շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին և անկախություն Կատալոնիայի համար:
Նախօրեին Մադրիդի կենտրոնական իշխանությանը ենթարկվող ոստիկանությունը Բարսելոնայում ձերբակալել է Կատալոնիայի վարչակազմի մեկ տասնյակից ավելի պաշտոնյաների, որոնք ներգրավված էին հանրաքվեն նախապատրաստելու աշխատանքներում: Այդ քայլով Մադրիդը փորձում է խոչընդոտել և տապալել հանրաքվեի անցկացումը: Կատալոնիայի վարչակազմի մի շարք հիմնարկներում խուզարկություններ են կատարվել:
Մարդիկ սկսել էին հավաքվել Կատալոնիայի վարչակազմի շենքի մոտ՝ աջակցություն հայտնելու ձերբակալվածներին և անկախության հանրաքվեին: Երեկոյան ակցիան վերաճել էր բազմահազարանոց ցույցի: Նրանք ծածանում էին Կատալոնիայի դրոշները, բացականչում «վե՛րջ օկուպանտներին», հայտարարում, որ կենտրոնական իշխանությունները խախտում են իրենց հիմնարար իրավունքները:
«Ի տարբերություն Բրիտանիայի և Կանադայի, որոնք թույլատրում են անջատվել ցանկացողների քեարկությունը, Իսպանիան արգելում է այն, ինչը ուրիշ երկրներում կատարվում է: Բացառությունը Կատալոնիան չէ: Բացառությունը Իսպանիան է», - Reuters-ին ասել է ցուցարարներից մեկը:
Մեկ այլ ցուցարար նշել է. - «Դա պետական հեղաշրջում է ժողովրդավարության և Կատալոնիայի կառավարության դեմ»:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը անջատականներին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից և Կատալոնիայի տեղական իշխանություններին հորդորել է դադարեցնել ծայրահեղականության ու անհնազանդության սրումը․ - «Ես պնդում եմ, որ դուք նման լիազորություն չունեք: Վերադարձեք օրենքին և ժողովրդավարությանը: Մարդկանց թույլ տվեք շրջել այս ճակատագրական օրերի էջը: Մարդկանց համար նոր խնդիրներ մի ստեղծեք: Թույլ տվեք, որ կատալոնցիներն ապրեն խաղաղությամբ, առանց ցնցումների, ճնշումների, վիճաբանությունների և վախի»:
Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի վարչակազմի պաշտոնյաների ձերբակալությունները արդարացրել է՝ դա համարելով անհրաժեշտ քայլ:
Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուջդեմոնթը դատապարտել է կենտրոնական իշխանությունների գործողությունները, ասելով, թե պաշտոնյաների ձերբակալությունը նշանակում է, որ Մադրիդը Կատալոնիայի իշխանություններին զրկում է օրինական լիազորություններից: Կատալոնիայի առաջնորդը հայտարարել է, որ չնայած ամեն ինչին՝ հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվեն անցկացվելու է:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ևս, հարյուրավոր մարդիկ սեպտեմբերի 20-ին ցույց են անցկացրել՝ աջակցություն հայտնելով կատալոնցիներին:
«Ինձ համար անհրաժեշտ է նման ակցիայի դիմելը, որովհետև կարծում եմ պետք է ապահովել մարդկանց կամքը և բոլոր իրավունքները ժողովրդավարության միջոցով, իսկ դա հանրաքվեն է», - ասել է Մադրիդի բնակիչ Լարա Հիջոնը:
2014 թվականին ևս Կատալոնիան անկախության հանրաքվե էր անցկացրել, բայց Մադրիդը չընդունեց հանրաքվեի արդյունքները՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական:
Իսպանիայի հյուսիս-արևելքում, Միջերկրականի ափին ընկած Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ շրջանն է, իսկ «Բարսելոնա»-ն՝ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկը: