Մատչելիության հղումներ

Վարչապետը հայտարարում է, որ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարական չի տվել


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, թե ինքը ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարական չի տվել:

Լրագրողների դիտարկմանը, որ հայեցակարգում նշված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարեն Կարապետյանը արձագանքեց․ - «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել»:

Նշված հայեցակարգը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 11-ից։ Փաստաթղթում նշված է՝ վարչապետի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է, թե «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», որպես նպատակ նշում է «ռուսաց լեզվի հանրայնացումը» և ընդգծում, որ «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»:

Համաձայն պաշտոնական փաստաթղթի՝ ռուսաց լեզվի ազատ տիրապետումն անհրաժեշտ է արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդի ու զարգացման, ինչպես նաև աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման հարցում համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցության համար։

Օրեր առաջ Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանելով վարչապետի հանձնարարությամբ մշակված հայեցակարգը՝ ասել էր, թե ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու օրակարգ չկա:

Միևնույն ժամանակ դաշնակցական նախարարը շեշտել էր, որ դպրոցներում ռուսաց լեզվի և մեկ այլ օտար լեզվի ուսուցումը պարտադիր է՝ բացատրելով, որ առանց այդ լեզուների իմացության գիտության աշխարհում դժվար է առաջ գնալ․ - «Մենք եթե ուզում ենք Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության համակարգը հենվի գիտության վրա, բնագիտական հենքի վրա լինի, պարտավոր ենք օտար լեզուների դասավանդումը որակապես լավացնել: Մեր մասնագիտական գրականությունը, որը համալսարաններում է, գրադարաններում է, իր բացարձակ մեծամասնությամբ ռուսալեզու է: Եթե մենք ուզում ենք լավ ֆիզիկոս ունենալ, կամ լավ մաթեմատիկոս, ռուսաց գրականությունը մասնագիտական շատ ավելի էժան է և շատ ավելի մատչելի է մեր հասարակությանը»:

Անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել էր, որ օտար լեզուներից ռուսերենն առանձնացվել է և այդ լեզվի համար մշակվել է առանձին հայեցակարգ, որովհետև «ռուսերենը Հայաստանում դասավանդվում է երկրորդ դասարանից, բացի այդ հաշվի են առնվել աշխարհաքաղաքական զարգացումները և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»․ - «Այս հայեցակարգով ռուսաց լեզվին որևէ կարգավիճակ տալու մասին խոսք չկա, ընդամենը դասավանդման որակի բարձրացման մասին է խոսքը»:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծում է, թե այս հայեցակարգը Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարության պատասխանն է, որով իշխանությունները հերթական անգամ փորձում են սիրաշահել այդ երկրին։

Հիշեցնեմ, երկու ամիս առաջ ռուս պաշտոնյան առաջարկել էր Հայաստանի իշխանություններին օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները։

Արմեն Հովհաննիսյանը պնդմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հետ կկանչի այս հայեցակարգը, որը, ըստ Կարապետյանի, դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք է մշակվել։

Ըստ Հովհաննիսյանի՝ չի բառացվում, որ վարչապետ Կարապետյանը հենց դա էլ նկատի է ունեցել այսօր՝ հայտարարելով, որ ինքը նման հանձնարարական չի տվել․ - «Շատ հակված եմ այդպես կարծելու: Որովհետև փաստերն են այդպես ասում»:

Անդրադառնալով Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հայտարարությանը, թե հատկապես առանց ռուսերեն լեզվի գիտության ոլորտում հաջողություն գրանցել հնարավոր չէ, Հովհաննիսյանը նկատում է՝ աշխարհը վաղուց այլ ուղղությամբ է գնում․ - «Եթե մենք ուզում ենք մեզ խարսխել էդ սովետական ինդուստրիալիզացիայի տարիների հետ, ապա ամբողջ աշխարհը կգնա առաջ, մենք այդպես էլ կմնանք ողբալով մեր նախկին սովետական ինդուստրիալ կորցրած անցյալը: Առաջ է պետք գնալ, աշխարհը հիմա ուրիշ ուղղությամբ է գնում: Ռուսաստանը հետ է գնում, արագ է հետ գնում, տասնամյակներ է հետ գնում»:

Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրության քննադատությանը արժանացած նախագծին կողմ է քվեարկել ընդամենը 3, դեմ՝ 48 օգտատեր․ ասել է թե՝ ռուսաց լեզվի մակարդակի բարձրացմանը դեմ է քվեարկածների 94 տոկոսը։

XS
SM
MD
LG