Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ:
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝Հայաստանի նախագահին հղած շնորհավորական հեռագրում Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ երկու երկրները այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:
Պուտինը բարձր է գնահատել հաջողությունները երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում, ինչպես նաև «ռուս-հայկական արդյունավետ փոխգործողությունը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ԱՊՀ-ի շրջանակներում»:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ «ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների, Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով»:
«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Պուտինի ուղերձում: