Մեքսիկայում երկուշաբթի օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 237 մարդ: Ենթադրվում է, որ այդ թիվը կհասնի առնվազն 245-ի: Վնասվածքներ ստացած մարդկանց թիվը մոտ 1900 է:
Սեպտեմբերի 19-ին գրանցված 7.1 մագնիտուդով երկրաշարժը համարվում է երկրի տարածքում ամենահզորը անցած 32 տարիների ընթացքում: Փրկարարներին այսօրվա դրությամբ հաջողվել է փլատակներից դուրս հանել ստորգետնյա ցնցումը վերապրած ավելի քան 50 մարդու:
Այսօր առավոտյան նրանք կապ են հաստատել շենքերից մեկի ավերակների տակ գտնվող մի 12-ամյա աղջնակի հետ և հիմա փորձում են նրան դուրս բերել:
Փրկարարները ժամանակ առ ժամանակ հայտարարում են «բացարձակ լռության րոպե»՝ փլատակներում գտնվողների ձայները լսելու հույսով: Enrique Rebsamen դպրոցում հաջողվել է փրկել 6-ից 15 տարեկան 9-ը աշակերտների, սակայն առնվազն 21 աշակերտ զոհվել է:
Մայրաքաղաք Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխելը հայտնել է, որ Մեխիկոյում զոհվել է 115 բնակիչ:
Մեքսիկան միջազգային համայնքի օգնությունն է խնդրել: Reuters գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է փրկարարների թիմ ուղարկելու հարցը: