Մատչելիության հղումներ

«Նա ընդգրկում էր բնության քաոսի, նախաստեղծ ժամանակներից մինչև այս ժամանակների հոլովույթը»


Հրաչյա Թամրազյան մարդու, բանաստեղծի, գիտնականի կերպարը չափազանց առինքնող է։

Այսօր նրա հիշատակին Գրողների միությունում կազմակերպված պոեզիայի երեկոյի մասնակիցները մեկ անգամ ևս առիթ ունեցան վայելելու հատվածներ նրա պոեզիայից, լսել նրա գրչընկերներին։

«Բանաստեղծը ապրելու մի ձև ունի՝ բանաստեղծություններով: Իսկ ապրելու ժամանակ ինքը էլի բառերով է ապրում, բառերի համար է ապրում: Հրաչիկը հենց այդպիսի գոյություն էր: Ինքը ստեղծում էր մի պոեզիա՝ հոգու խորը շերտերի հետ էր խոսում: Եվ բնության քաոսի, նախաստեղծ ժամանակներից մինչև այս ժամանակների հոլովույթը ընդգրկելով՝ հրաշալի արվեստի, մշակույթի, գրականության, հրատարակչական գործի, գիտության, այս ամենի հետ նաև շատ կենդանի մի մարդ», - ասաց Գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:

Իր գրչնկերներն այսօր նրա մասին խոսելիս նույնիսկ չէին ուզում անցյալ ժամանակով արտահայտվել, շեշտում էին, որ չափազանց այժմեական է նրա կերպարը անգամ իր երկրային կյանքի ավարտից հետո:

«Արդեն մի տարի կա, որ Հրաչը մեզ հետ չի: Դա նշանակում է, որ մենք իր բանաստեղծություններին մի տարով ավելի մոտեցել ենք», - ասաց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը: - «Իմ կողքը դրված է իր գիրքը, ես միշտ կարդում եմ նորաներ շերտեր․ նորանոր նրբերանգներ, նորանոր հնչերանգներ․․․ Ոչ մի կասկած չունեմ, որ մեր ժամանակներում, որ մոռանալու ժամանակներ են, էս թոհուբոհի մեջ, քաղաքական, սոցիալական հոգսերի մեջ իր բանաստեղծի կերպարը գնալով ավելի ամբողջական է դառնալու, ավելի պայծառ է դառնալու, ավելի հոգեհարազատ է դառնալու: Մենք գործ ունենք ոչ թե հերթական մի բանաստեղծի հետ, այլ լեզվական, թեմատիկ, նրբերանգային, հնչերանգային շատ խորունկ ապրումներ ունեցող հայոց բանաստեղծության մի երևույթի հետ»:

Բանաստեղծ Աղվան Վարդանյանն ասաց․ - «Կյանքը մի հունով է ընթանում, ընկերությունը մի հարթություն է, գրականությունը, պոեզիան բոլորովին այլ տեղ է: Հիմա մի տարի հետո որ նայում եմ մեր միասին ապրած կյանքին, դա մերն է, դա մեր անձնականն է: Բայց այն, ինչ թողել է Հրաչյան Թամրազյան, դա բանաստեղծության էջերն են և իր տեսակը՝ ազնվական, լուսե տեսակը, որ հանգիստ, խաղաղ, առանց աջ ու ձախ ընկնելու ստեղծեց իր գրականությունը»:

Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի խոսքով, Հրաչյա Թամրազյանի մեջ անքակտելիորեն միահյուսված էին գիտնականն ու բանաստեղծը, և նրա թողած թե՛ գիտական, թե՛ բանաստեղծական ժողովածուները այս փաստի վկայությունն են․ - «Զարմանալիորեն իր մեջ միավորում էր բանաստեղծին և գիտնականին, ինչը մեզանում քիչ է լինում: Եվ դրանք ոչ թե խանգարում էին միմյանց՝ բանաստեղծելը և գիտական գործով զբաղվելը, ինչ-որ տեղ կարելի է ասել նույնիսկ լրացնում և ամբողջացնում էին միմյանց: Եվ այդ միասնության մեջ ունենք մի հրաշալի երևույթ, որը արդարացիորեն կոչվում է Հրաչյա Թամրազյան»:

Այսօրվա երեկոյին ներկա էր նաև Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Թեո Վան Լինդենը:

«Ազատության» հետ զրույցում նա նշեց․ - «Ճիշտն ասած՝ հակասություն չկա գիտնականի և բանաստեղծի միջև, որովհետև երկուսն էլ ուզում են էությունը հասկանալ, և այդ ամեն ինչը գալիս է զարմանքից, կյանքի, տիեզերքի, էության և մարդու հրապուրիչ լինելուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG