Մատչելիության հղումներ

Հայաստանի քրդերը ողջունում են անկախ Քուրդիստանի գաղափարը, բայց այստեղից չեն հեռանա


Ռյա-Թազայի փոքրիկ բնակիչը ողջունում է Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն
Ռյա-Թազայի փոքրիկ բնակիչը ողջունում է Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն

Թեև Հայաստանում ապրող քրդերն ու եզդիները տարբեր դավանանքների հետևորդներ են, սակայն նույն էթնիկական խմբին են պատկանում և կողմ են, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեի արդյունքում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունն անկախություն ստանա։ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղում «Ազատության» կատարած փոքրիկ հարցախույզից պարզ դարձավ, որ այստեղ ապրող քրդերն ու եզդիները թեև ողջունում են քրդերի անկախության գաղափարը, սակայն մտադիր չեն լքել Հայաստանն ու տեղափոխվել անկախ Քրդստան։

«Գիտեմ, որ իրանք ուզում են պետություն ստեղծեն, առանձնանան: Ուրախ ենք էդ հարցի համար: Էնդեղ չենք ապրում, բայց թող լինի էլի: Ստեղ ծնվել մեծացել ենք, ստեղ ենք համարում մեզ․․․», «Ընդեղ ինչ կա, ոչ տեսել եմ, ոչ բան եմ արել, 50 տարի ա ստեղ եմ, տուն ունեմ, տեղ ունեմ»,- «Ազատությանն» ասացին Ռյա-Թազայի բնակիչները:

Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը շեշտում է՝ Հայաստանի քրդերը թեև կողմ են սեփական պետություն ունենալուն, սակայն հանրաքվեին մասնակցել չեն կարող։ «Խոսակցություններ են գնում, որ էլեկտրոնային եղանակով կարող են բոլորը մասնակցել: Ոչ, միայն իրաքյան քրդերն են մասնակցելու հանրաքվեին և որոշելու իրենց հետագա ճակատագիրը»,- ասաց Հասանովը:

Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարությունը հայտարարել է սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նրանք ցանկանում են անջատվել Բաղդադից։ Հիշեցնենք՝ Իրաքի Քուրդիստանը ձևավորվել է 1970 թվականին Իրաքի կառավարության հետ կնքված համաձայնագրով, ինչը վերջ տվեց տարիներ շարունակված զինված պայքարին: Իսկ 2005 թվականին Իրաքի Քուրդիստանը սահմանադրորեն ամրագրված ինքնավարության կարգավիճակ ստացավ, շարունակելով նախկինի պես համարվել Իրաքի մասը: Ի դեպ, այս տարվանից իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում գործում է Հայաստանի հյուպատոսարանը։

«Եթե Իրաքի Քուրդիստանում ստեղծվի անկախ պետություն, անմիջապես Հայաստանում կունենան իրենց դեսպանությունը: Սա նշանակում է, որ հայ և քուրդ ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են»,- ասում է ՀՀԿ խմբակցության քուրդ պատգամավորը:

Անկախ Քուրդիստանի գաղափարին, սակայն, դեմ են ինչպես Իրաքի, այնպես էլ Թուրքիայի, Իրանի, Սիրիայի կառավարությունները։ Հանրաքվեն այս փուլում անցկացնելուն դեմ է արտահայտվել նաև Արևմուտքը, սակայն, Կնյազ Հասանովի կարծիքով՝ նահանջն անհնար է։ Ամբողջ աշխարհում մոտ 40 մլն քրդեր սեփական պետությունը չունեն, ապրում են հիմնականում Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում և Իրանում։ Հայաստանում, ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, ապրում է մոտ 35 հազար եզդի և մոտ 2000 քուրդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG