Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին սպառնաց Հայաստանին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթը սկսեց ղարաբաղյան խնդրից՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

«Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը: - «Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին»:

Անցած տարվա պատերազմի պատասխանատվությունն ու նախաձեռնությունը դնելով հայկական կողմի վրա՝ Ալիևը միջազգային համայնքին հավաստիացրեց՝ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»: Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական հորդորները՝ ռազմական հռետորաբանությունից խուսափելու մասին, Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին սպառնաց՝ հաջորդ հարվածը կարող է առավել ցավագին լինել:

Ընդհանուր առմամբ, շուրջ 15 րոպե շարունակված ելույթը լի էր հայկական կողմի ու Հայաստանի նախագահի հասցեին մեղադրանքներով՝ բռնապետությունից մինչև ֆաշիզմ: Քննադատության որոշ չափաբաժին էլ հասավ միջազգային համայնքին՝ երկակի չափանիշներ կիրառելու և Հայաստանի նկատմամբ մեղմ քաղաքականություն բանեցնելու համար:

«Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումը օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Չնայած կոռուպցիայի ու մարդու իրավունքների ոտնահարման մասին իրավապաշտպանների ու միջազգային կազմակերպությունների շարունակական ահազանգերին՝ Ալիևը հավաստիացրեց՝ Ադրբեջանը ժամանակակից, կայուն ու ժողովրդավար երկիր է: - «Հիմնարար բոլոր իրավունքները մեր երկրում երաշխավորված են այդ թվում՝ խոսքի ու հավաքների ազատությունը», - հայտարարեց Ադրբեջանի առաջնորդն՝ այդպես էլ չանդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը՝ լրագրողներին ազատազրկելու, ընդդիմախոսներին բռնի ճնշելու, բռնապետական կառավարումն ամրապնդելու վերաբերյալ:

Ի դեպ, Ալիևի ելույթն ունկնդրելու համար ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանի դահլիճ էին եկել ոչ միայն նրա կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, այլև դուստրը՝ Լեյլան, ում ակնհայտորեն միջազգային օրակարգից բացի հետաքրքրում էր սեփական լուսանկարը՝ ՄԱԿ-ի վեհաժողովի ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG