Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմից հետո ձերբակալված գեներալը անմեղ է ճանաչվել


Ապրիլյան պատերազմից հետո ծանր մեղադրանքով ձերբակալված միակ բարձրաստիճան զինվորականը՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը այսօր կրկին զինվորական համազգեստով էր շրջում։

«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ ձերբակալությունից 27 օր հետո իրավապահները իրեն ազատ են արձակել՝ քննությունը պարզել է, որ ինքն անմեղ էր․ - «Քննություն կատարվել ա, մոտ մեկ ամիս տևեց, իմացան, որ որևէ առնչություն չունեմ, բաց թողեցին»:

Զինված ուժերի սպառազինության վարչության պետ գեներալ Չիլինգարյանը նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 20-ին։ Մայիսի 30-ին իրավապահները նրան ձերբակալեցին։

Քննչական կոմիտեն հայկական բանակի սպառազինության պատասխանատուին մեղադրեց իշխանությունը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն, գեներալն ու գնդապետ, սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ Արմեն Մարգարյանը մեղադրվում են 145 միլիոն դրամի չպահանջված պահեստամասեր ձեռք բերելու մեջ, այն էլ՝ ուռճացված գներով:

Այսօր Չիլինգարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե պարզվել է, որ մեղավորը իր տեղակալն էր․ - «Ինձ մեղադրանք էր հարուցվել, որ ես եղել եմ արձակուրդում, իմ փոխարեն իմ տեղակալս է ստորագրել պահեստամասերի ձեռքբերում հինգ տարի առաջ: Իբր զանգել է, ինձ հարցրել, նոր ա ստորագրել, որ ես ասել եմ՝ տեղյակ եմ: Հետո վերծանել են, ստուգել են, տեսել են, որ տենց բան չի եղել»:

Նա նաև ասաց, որ թեև իրեն ձերբակալել էին ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո, բայց այդ քրեական գործը պատերազմի հետ կապ չուներ: Ավելին՝ ասաց, որ պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Լավ աշխատանքի համար անգամ պարգևատրվել է․ - «Ինձ խրախուսել են, նվերներ են տվել, ուղարկել են պահեստազոր իմ 60 տարիս լրանալու կապակցությամբ»:

Քննչական կոմիտեից հաստատեցին, որ քրեական գործը ապրիլյան պատերազմի հետ կապ չուներ: «Ազատության» հարցմանը ի պատասխան, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ասաց, որ քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեկ մեղադրյալի մասով վարույթն առանձնացվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան 2017 թվականի մարտին:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին անդամ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով, պետական կառույցները պետք է թափանցիկ աշխատեին: Նախկին պատգամավորի պնդմամբ՝ վստահության պակաս կա․ - «Եթե նույնիսկ գտել են, որ ինքը անմեղ է, այդ ի՞նչ ձևով է աշխատանքը եղել, որ ինքը չի կարողացել իր ֆունկցիան կատարի վերահսկողության իմաստով»:

Պողոսյանը նաև կարծում է, որ պաշտոնյան միայնակ չի գործել, և որոշումները հաստատել են ավելի բարձրաստիճան զինվորականներ։

Արդեն պահեստազորի գեներալ Մելսիկ Չիլինգարյանը այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք համաժողովին։ Ասաց, որ կրկին Պաշտպանության նախարարությունում է՝ նախարարին կից բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ է։

«Ազատության» հարցին, թե արդյոք կարող է վստահեցնել, որ իր ղեկավարման տարիներին սպառազինության ոլորտում խնդիրներ չեն եղել, գեներալը պատասխանեց․ - «Դա հնարավոր չէ, եթե կենդանի օրգանիզմ է, խնդիր չլինի: Ձեր սեփական մեքենան էլ կարող է մի օր փչանա, վերանորոգեք: Դրա համար էլ կա տեխնիկական ապահովման կազմակերպում․ հազարավոր մեքենաներ ունենք, զրահատանկային տեխնիկա ունենք, ըստ հերթականության, գալիս ա իր ժամանակը, պետք է համապատասխան սպասարկումներ, վերանորոգումներ կատարվի, որպեսզի միշտ մարտունակությունը ապահովվի»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ զենքի և սպառազինության հարցում երևան եկած խնդիրներին վերաբերող հարցին գեներալը կարճ պատասխանեց՝ դրա հետ կապված ոչ մի ձերբակալություն չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG