Մատչելիության հղումներ

Կատալոնիայի ղեկավարը դատապարտում է կենտրոնական իշխանությունների գործողությունները


Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնթ, արխիվ
Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնթ, արխիվ

Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուջդեմոնթը դատապարտել է Իսպանիայի կենտրոնական իշխանությունների, նրա խոսքերով՝ «տոտալիտար» գործելաոճը և կատալոնցիներին կոչ է արել պաշտպանել ժողովրդավարությունը` զանգվածաբար մասնակցելով հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեին:

Այսօր առավոտյան Իսպանիայի ոստիկանությունը Կատալոնիայի կառավարության 13 պաշտոնյայի է ձերբակալել, որոնք ներգրավված են անկախության հանրաքվեն նախապատրաստելու աշխատանքներում: Խուզարկությունների և ձերբակալությունների պատճառները չեն նշվում, սակայն ավելի վաղ Մադրիդը զգուշացրել էր, որ անօրինական հանրաքվեն նախապատրաստող պետական պաշտոնյաներին կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ:

Ձերբակալությունները Բարսելոնայում բողոքի ցույցեր է առաջացրել: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ աջակցություն հայտնելու ձերբակալվածներին և պաշտպանելու անկախության հանրաքվեն:

2014-ին ևս Կատալոնիան անկախության հանրաքվե էր անցկացրել, որի արդյունքները Մադրիդը չէր ճանաչել՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG