Մատչելիության հղումներ

«Եթե հույս լիներ, նախագահը նման բան չէր ասի», Երևանում արձագանքում են Սարգսյանի ելույթին


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Բուրսա, 14-ը հոկտեմբերի, 2009 թ․
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Բուրսա, 14-ը հոկտեմբերի, 2009 թ․

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հույս չունեն, որ մինչև 2018 թ․ գարունը Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ նախագահ Սերժ Սարգսյանը վերջնաժամկետ ներկայացրեց Թուրքիային, շեշտելով՝ եթե առաջիկայում այս հարցում դրական տեղաշարժեր չլինեն, ապա Հայաստանը 2018 թվականի գարնանն այդ արձանագրությունները չեղյալ կհամարի:

Շավարշ Քոչարյան, արխիվ
Շավարշ Քոչարյան, արխիվ

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք այդ հայտարարությունը նշանակում է, որ պաշտոնական Երևանը դեռ հույս ունի, թե Անկարան առաջիկա ամիսներին որոշակի քայլեր կձեռնարկի այդ փաստաթղթերի վավերացման ուղղությամբ, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր շեշտեց՝ եթե հույսեր լինեին, ապա Սերժ Սարգսյանը նման հայտարարություն չէր անի:

«Նախագահը դա հայտարարեց՝ [արձանագրությունները] հայտարարվելու են առ ոչինչ, և մենք 2018 թվականի գարունը մտնելու ենք առանց այդ արձանագրությունների: Եթե հույսեր լինեին, ապա նման հայտարարություն չէր հնչի»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք՝ 2009 թվականին հայ -թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը դրանք 2010-ին ուղարկեց խորհրդարան՝ վավերացման: Արձանագրություններն ընդգրկվեցին Ազգային ժողովի մեծ օրակարգում, սակայն դրանից 5 տարի անց նախագահ Սարգսյանը դրանք ետ կանչեց՝ պատճառաբանելով, որ այդ հարցում բացակայում է Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքը, Անկարան աղավաղում է արձանագրությունների տառն ու ոգին և շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում: Արձանագրությունների ստորագրումից 8 տարի անց Սերժ Սարգսյանն արդեն խոսում է այդ փաստաղթղթերն առհասարակ անվավեր ճանաչելու հնարավորության մասին:

2018-ի գարուն առանց հայ -թուրքական արձանագրությունների թևակոխելու՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այսօր ողջունել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նշելով, թե Հայաստանն արժանապատվություն ունի: «Այո, շատ ճիշտ արեց, որովհետև մենք ունենք մեր արժանապատվությունը և մեր հստակ մոտեցումները»,- ասաց Բաբլոյանը:

Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանին ելույթին, «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Թուրքիային ներկայացված վերջնաժամկետի մասին Հայաստանի նախագահի հայտարարությունն ավելի շուտ հասցեագրված է Արևմուտքին, մասնավորապես, այն երկրներին, որոնք աջակցել են այդ արձանագրությունների ստորագրմանը:

«ԱՄՆ-ն, Եվամիությունը պետք է ջանքեր չխնայեն՝ Թուրքիային պարտադրելու, որ այդ արձանագրություններն առաջ մղվեն, որովհետև այդ ձախողումը նաև իրենց բոլորի ձախողումն է: Հայաստանը քայլ է արել և Սփյուռքի ուժգին քննադատության ներքո գնացել է այդ քայլին՝ առանց նախապայմանների արձանագրությունների ստորագրմանը: Եվ եթե նրանք ուզում են, որ Հայաստանն այլընտրանք ունենա, զարգանա, դուրս գա ռուսական ազդեցության գոտուց, ապա պետք է, որ ունենանք բաց սահմաններ ու դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ:

Այս մոտեցումը ճիշտ է այնքանով, որ արձանագրությունները ստորագրվել են Հայաստանի երրորդ նախագահի կողմից, և նախագահը, փաստորեն, մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտն ասում է՝ ես իմ ստորագրությանը տեր եմ, մինչ այդ կսպասեմ, դրանից հետո այլևս Հայաստանում կլինեն նոր իշխանություններ, և եթե Թուրքիայի հետ ինչ-բան բանակցվի, ուրեմն պետք է բանակցվի զրոյից»,- ասաց Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, քիչ հավանական է համարում, թե մինչև գարուն Թուրքիան որևէ քայլ կանի, քանի որ այդ երկիրն այժմ բազմաթիվ այլ խնդիրներ ունի, Արևմուտքն էլ «դժվար թե կարողանա» այդ հարցով ճնշումներ գործադրել պաշտոնական Անկարայի վրա:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթի այն հատվածին, որում գովաբանվում է ԵԱՏՄ-ն, ընդդիամդիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, դրանով Սարգսյանը դարձյալ փորձ է անում հղում կատարել, այսպես կոչված՝ «և,և»-ի քաղաքականությանը, ինչը գոյություն չունի: «ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթուղթը չի կարող փոխարինել Ասոցացման համաձայնագրին: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի գովքին, ապա կարծում եմ՝ այդ ուղերձն ավելի շուտ ուղղված է Ռուսաստանին, որ մի՛ անհանգստացեք, Հայաստանում չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գալու պրոցես լինել»,- նկատեց «Ելք»-ի պատգամավորը:

Ստեփան Գրիգորյան, արխիվ
Ստեփան Գրիգորյան, արխիվ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց՝ հայ-թուրքական արձանագրությունները հենց 2018-ի գարնանը չեղյալ համարելու ժամկետը հենց այնպես չի ընտրված, այն ուղղակիորեն կապ ունի Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության հետ: 2018 թվականի ապրիլից երկրիրն ամբողջությամբ անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի: Ու քանի որ Թուրքիայի հետ մերձեցման գործընթաց սկսած Սերժ Սարգսյանը հաջորդ տարվա ապրիլին վայր է դնելու նախագահական լիազորությունները, հեռանալուց առաջ հենց ինքն էլ պետք է վերջ դնի դրան, նշում է քաղաքագետը:

«Հիմա Սերժ Սարգսյանը սկսեց այդ պրոցեսը, պարզ է, որ ինքը չի ուզում այդ բեռը թողնել պառլամենտական համակարգի վրա: Եվ նշանակություն չունի, ով հետո կլինի վարչապետ: Ինքը սկսեց որպես նախագահ, որպես նախագահ էլ պետք է ավարտի այդ պրոցեսը: Թե հետո ինչ կլինի, կնայեն»,- ասաց Գրիգորյանը:

Ներքաղաքական բաղադրիչից բացի, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարությամբ նաև ուղերձ հղեց միջազգային հանրությանը, ընդգծելով՝ գնդակը Թուրքիայի դաշտում է՝ կամ Անկարան գնում է որոշակի քայլերի, կամ Հայաստանը չեղյալ է համարում այդ արձանագրությունները: Քաղաքագետն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում Հայաստանի նախագահի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթը, մեկ բացառությամբ՝ «Սարգսյանն այդ բարձր ամբիոնից չպետք է գովաբաներ Եվրասիական տնտեսական միությունը»:

«Հասկանում եմ՝ ինչու նա դա արեց, դրական մեսիջ ուղարկեց Ռուսաստանին, տեսար՝ ես դա արեցի: Սիրաշահում էր: Բայց մյուս կողմից դա ոչ հումանիստական ակցիա էր, թյուրիմացության մեջ էր գցում, հիմա պատկերացրեք՝ մոլդովացիները կամ տաջիկները հավատան, մտնեն այդ կառույց, հետո այդ ազգերն ամբողջությամբ ատելությամբ կլցվեն հայ ժողովրդի նկատմամբ»,- ասաց Գրիգորյանը:

Քաղաքագետը, միևնույն ժամանակ, դրական է համարում, որ ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրվելիք՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի մասին: Դա, ըստ նրա, նույնպես ուղղված էր Ռուսաստանին․ «Ասվում է՝ Ռուսաստան, պետք չի խանգարել, մենք ՄԱԿ-ից ասեցինք, վերջ, թողեք մեզ, որ ստորագրենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG