Մատչելիության հղումներ

Սարգսյանը վերջնաժամկետ է տալիս Անկարային` հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու


Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց պաշտոնական Անկարային` դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` տեղեկացնելով` պատրաստ է առ ոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն, երբ ըստ էության կլրանա իր պաշտոնավարման ժամկետը:

«Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Շուրջ 15 րոպե շարունակված ելույթի ամենածավալուն հատվածն, այդուամենայնիվ, նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց` կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից` դրանում մեղադրելով պաշտոնական Բաքվին:

«Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը: 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ», - փաստեց Հայաստանի նախագահը:

Վերստին ընդգծելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, Սերժ Սարգսյանն առանձնացրեց երկու նախապայման` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքն ու անվտանգության ապահովումը: «Մնացած հարցերն ածանցյալ են և կլուծվեն խնդրի կարգավորմանը զուգահեռ», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

«Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»:

Միջազգային խնդիրներից Սերժ Սարգսյանն անդրադարձավ միայն սիրիական ճգնաժամին` առաջին անգամ պաշտոնապես հաստատելով` հայաշատ այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելուց բացի պաշտոնական Երևանը պատրաստ է քննարկել նաև Սիրիայում խաղարարար ջանքեր ձեռնարկելու հնարավորությունը` ՄԱԿ-ի հովանու ներքո և համապատասխան մանդատով: Ներքին օրակարգի մասով էլ փաստեց` Հայաստանը պատրաստ է առաջիկա նոյեմբերին է՛լ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ` մնալով Կրեմլի նախաձեռնած Եվրասիական միության կազմում:

«Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին», - ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց Հայաստանի նախագահը:

Եզրափակելով ելույթը, Սերժ Սարգսյանը հավաստիացրեց՝ բնական հարուստ պաշարներ ու դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար ամենամեծ արժեքը մարդն է, կոչ անելով ՄԱԿ-ում ևս ամեն ինչի կենտրոնում պահել մարդուն և ձգտել խաղաղ ու արժանապատիվ կյանքի բոլորի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG