Ինչպես և ենթադրվում էր, Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում արտասանած անդրանիկ ուղերձում խոսել է Հյուսիսային Կորեայի, Իրանի, Սիրիայի, Իրաքի, ՄԱԿ-ի բարեփոխումների, աշխարհում ազատության գաղափարի պաշտպանության և արդար միջազգային առևտրի, Երկիր մոլորակի առջև ծառացած ճակատագրական մարտահրավերներին համամարդկային համերաշխության մոտեցումով արձագանքելու անհրաժեշտության մասին:
Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ իր կամքը պարտադրել ուրիշներին և հարգում է ուրիշ երկրների ինքնիշխանությունը: Միաժամանակ, նա նշել է, որ իր համար միշտ առաջնայինն է «America first» («Նախ և առաջ Ամերիկան») սկզբունքը, ինչը բնականոն է:
Դիմելով հարյուրավոր երկրների պատվիրակներին, նա պարզաբանել է՝ ասելով, որ բանաձևը հրատապ է ցանկացած պետության ղեկավարի համար, քանզի ցանկացած առաջնորդ նախ պարտավոր է իր երկրի մասին մտածել:
Ապա Թրամփը խոսել է մոլորակին սպառնացող չարիքների մասին, և ելույթի այդ հատվածում խստագույն քննադատության է ենթարկել Փհենյանի ու Թեհրանի քաղաքականությունը:
«Եթե շատ արդարներ զիջեն քիչ թվով չարերին, չարիքը կհաղթի: Երբ արժանապատիվ ազգերը և երկրները անտարբերությամբ են նայում պատմությանը, քայքայիչ ուժերը միայն հզորանում են: Ոչ ոք ավելի շատ չի սպառնացել ուրիշ պետություններին և նվաստացրել իր իսկ սեփական ժողովրդին, քան Հյուսիսային Կորեայի այլասերված ռեժիմը»,- ասել է Թրամփը:
«Խայտառակություն է, որ որոշ պետություններ ոչ միայն առևտուր են անում այդ ռեժիմի հետ, այլև ֆինանսապես սատարում են մի երկրի, որը կարող է աշխարհը ներքաշել միջուկային պատերազմի մեջ,- ասել է Թրամփը: Նրա այդ անկարկը հասցեագրված է Պեկինին:
Թրամփը Կիմ Չեն Ունի ռեժիմն անվանել «միջուկային զենքով ու հրթիռներով զինված ավազակախումբ»: Ամերիկայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից Փհենյանի հասցեին հնչեցրել է այսօրվա դրությամբ, թերևս, ամենակոշտ նախազգուշացումը:
«Միացյալ Նահանգները մեծ ուժ և համբերություն ունի, սակայն եթե ստիպված լինի պաշտպանել իրեն և դաշնակիցներին, մեզ չի մնա այլ միջոց, քան ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, այդ «հրթիռ-մարդը» [Կիմ Չեն Ունը] իր և իր ղեկավարած ռեժիմի համար անձնասպանության ճանապարհ է ընտրել: Միացյալ Նահանգները պատրաստ է, բայց հուսանք, դա անհրաժեշտություն չի դառնա»,- ասել է Թրամփը:
ՄԱԿ-ում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչը առաջին շարքերում նստած՝ լուռ և ուշադիր հետևել է Թրամփի ելույթին:
Թրամփն իր ուղերձում խոսել է Իրանի մասին, ընդ որում, ինչպես նկատեցին վերլուծաբանները, ելույթի այդ մասը նույնիսկ ավելի ծավալուն էր Փհենյանի թեմայի համեմատությամբ:
Նա ասել է, որ 2015 թվականի միջուկային գործարքը «ամոթաբեր է Ամերիկայի համար» և ակնարկել է, որ հոկտեմբերին, երբ գա վավերացումը երկարաձգելու պահը, ինքը կարող է հրաժարվել դրանից: Նա Իրանն անվանել է «տնտեսապես հյուծված վտարանդի պետություն, որը բռնություն է արտահանում և սատարում է ահաբեկիչներին»:
41 րոպե տևած ելույթում Թրամփը դատապարտել է Վենեսուելային և Կուբային, ինչպես նաև կոմունիստական գաղափարախոսությունը: Ավարտելով ուղերձը, Թրամփը խոսել է միասնության և համերաշխության անհրաժեշտության մասին:
«Մենք կպայքարենք միասին, զոհողությունների կգնանք միասին, միասին կկանգնենք հանուն խաղաղության, ազատության, արդարության, հանուն ընտանիքի, մարդկայնության և մեզ ստեղծած Ամենակալ Աստծո: Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի աշխարհի երկրները, Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, շնորհակալություն»,- ասել է Դոնալդ Թրամփը: