Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահի թիկնապահներին


Էրդողանը հետևում է իր թիկնազորի բռնի գործողություններին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017 թ․
Էրդողանը հետևում է իր թիկնազորի բռնի գործողություններին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017 թ․

Էրդողանի՝ ԱՄՆ այցից առաջ Կոնգրեսի երկու ճամբարների ներկայացուցիչները հատուկ դիմել էին պետքարտուղարությանը՝ խնդրելով հավելյալ նախազգուշական միջոցներ ձեռք առնել՝ երաշխավորելու, որ թուրքական պատվիրակությունը դարձյալ բռնությունների չի դիմի:

ԱՄՆ կառավարությունը սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահներին՝ վերջիններիս կողմից մայիսին Վաշինգտոնում իրականացված ծեծից ու բռնությունից հետո, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Խոսքն Անկարայի և Նյու Հեմփշիրում գործող հայտնի Sig Sauer զինագործական ընկերության միջև կնքված համաձայնագրի մասին է, որով նախատեսվում էր 1,2 միլիոն դոլարի զենք վաճառել Թուրքիայի նախագահի անձնական թիկնազորին:

Զինագործական ընկերություններն օտար երկրներ ապրանք արտահանելիս պարտավոր են ստանալ պաշտոնական Վաշինգտոնի հավանությունը: Ամիսներ առաջ Թրամփի վարչակազմը Անկարայի հետ գործարքին չէր առարկել: Կոնգրեսականների գործադրած ճնշումներից հետո,սակայն, ստիպված է եղել վերանայել այդ որոշումը: Հաղորդվում է, որ օրենսդրական այս նախաձեռնությունն առաջ են մղել դեմոկրատական ճամբարի սենատորներ Քրիս Վան Հոլլենն ու Պաթրիկ Լիհին, ընդգծելով՝ «այդ քայլին վաղուց էր պետք դիմել»:

«Նման հարց մեր կողմից չպետք է անգամ քննարկվեր, մենք ոչ մի դեպքում չենք կարող արտոնել զենքի վաճառքը՝ հաշվի առնելով նախագահ Էրդողանի անձնական թիկնապահների՝ անցյալում գործադրած բռնությունները»,- հայտարարել են սենատորները, հավելելով․ «ԱՄՆ-ը պետք է սառեցնի զենքի վաճառքը նաև Թուրքիայի ազգային ոստիկանությանը, որը կամայականորեն ձերբակալում և ուժ է կիրառում կառավարությանը քննադատող խաղաղ ցուցարարների նկատմամբ»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը ողջունել են նաև հանրապետական ճամբարում: «Եթե մենք արտոնեինք գործարքը, կնշանակեր՝ հավանություն ենք տալիս Թուրքիայի անվտանգության ուժերի հարձակումներին մեր հողի վրա»,- հայտարարել է Միչիգանից ընտրված Դեյվ Թրոթթը, հավելելով՝ «Հրաժարվելով վաճառքից, մենք հստակ ուղերձ ենք հղում էրդողանին, որ նա վեր չէ ամերիկյան օրենքներից»:

Թուրքիայի նախագահական թիկնազորի անդամներն ամերիկյան լրատվամիջոցների առաջին էջերում էին հայտնվել անցած գարնանը, երբ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի օրերին հարձակվել էին Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ հավաքված խաղաղ ցուցարարների վրա: Էրդողանի դեմ կազմակերպված այդ ցույցն ավարտվել էր արյունալի բախումներով. 9 մարդ տուժել էր, մի քանիսը հիվանդանոց էին տեղափոխվել: «Ընդ որում, սա էրդողանի թիկնազորի մասնակցությամբ Միացյալ Նահանգներում արձանագրված առաջին միջադեպը չէր, ինչը լուրջ հարցեր է առաջ բերում Թուրքիայի անվտանգության ուժերի պահվածքի վերաբերյալ»,- փաստում է «Ասոշիեյթեդ պրեսը»:

Մայիսին արձանագրված միջադեպից հետո Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Էդ Ռոյսը պաշտոնական նամակ էր հղել պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին՝ կոչ անելով վերանայել զենքի մատակարարումը Թուրքիայի նախագահի թիկնազորին: Շաբաթներ առաջ էլ Միացյալ Նահանգների դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել միջադեպի մասնակից 19 անձանց, այդ թվում՝ Էրդողանի թիկնազորի 15 ներկայացուցիչների: Նրանց նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարված:

Ինքը՝ էրդողանն ավելի վաղ պնդել էր, թե իր դեմ բողոքող ցուցարարներն ահաբեկիչներ էին: «Ինձ համար դժվար է հասկանալ՝ ինչ է ուզում Ամերիկան: Եթե նրանք չեն կատարում ՄԱԿ-ի առջև ստանձնած հանձնառությունն իրենց իսկ հյուրերին պաշտպանելու վերաբերյալ, չի՞ նշանակում, որ իմ թիկնապահները ևս չպետք է կատարեն իրենց պարտականությունները»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը:

Արևմտյան լրատվամիջոցները փաստում են, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում կարող է տեղի ունենալ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը, այժմ երկու առաջնորդներն ել գտնվում են Նյու Յորքում: Ի դեպ, Էրդողանի՝ ԱՄՆ այցից առաջ Կոնգրեսի երկու ճամբարների ներկայացուցիչները հատուկ դիմել էին պետքարտուղարությանը՝ խնդրելով հավելյալ նախազգուշական միջոցներ ձեռք առնել՝ երաշխավորելու, որ թուրքական պատվիրակությունը դարձյալ բռնությունների չի դիմի, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG