Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյան․ «Այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելը»


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

«Իմ համոզմունքն է, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ», - հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ելույթ ունենալով Երևանում անցկացվող Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում:

«Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին», - ասաց վարչապետը:

«Այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար», - ընդգծեց Կարապետյանը:

«Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, և այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ և գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ: Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղած մեր թիմը, և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք բոլորս միասին չենք կարող հաջողել», - հայտարարեց վարչապետը:

«Մենք անցել ենք կռիվների, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության և բնաջնջման փորձերի միջով… Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը երբեք չի կորցրել իր ինքնասիրությունը, արժանապատվությունը, չի հրաժարվել անկախ Հայաստան ունենալու երազանքից: Մեր դժվարությունները անհամեմատելի են այն դժվարություններին, որի միջով անցել են մեր նախնիները: Արդյունքում մենք այսօր կանք, մենք ունենք մեր Անկախ պետությունը: Սա գերագույն արժեք է», - ասաց Կարապետյանը:

Համոզմունք հայտնելով, որ «այսօր բոլորիս նպատակն է հանդիսանում Ազատ, Անվտանգ, Արդար և Խելացի Հայաստան ունենալը, և բոլոր նախապայմանները ունենք դրա համար», վարչապետը շարունակեց․ - «Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության: Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք»:

«Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար: Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից», - հայտարարեց Կարապետյանը:

Նա խոսեց կառավարության կողմից ներկայումս իրականացվող բարեփոխումների, քայլերի և տրամաբանության մասին՝ մասնավորապես ասելով․ - «Մենք համոզված ենք, որ հաջողակ են այն երկրները, որտեղ արարող, հավելյալ արժեք ստեղծող, աշխատասեր, երկրի համար անհանգիստ մարդը զգում է իր պահանջվածությունը: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել հենց այդպիսի երկիր: Դրան է ուղղված մեր կառավարության հնգամյա ծրագիրը: Ներկայումս մշակում ենք Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030-ը, մշակում ենք Հայաստանի թվային օրակարգը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդյունավետության աճ և զարգացում, իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ»:

Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը գործարարության և ներդրումների արդյունավետ և ճկուն հարթակ դարձնելու աշխատանքները կլինեն շարունակական:

Կարապետյանը հայտարարեց նաև, որ Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլև որպես հարմար հարթակ մեծ շուկաներ ներթափանցելու համար․ - «Այսպես՝ ԵԱՏՄ - 180 միլիոնանոց շուկա, որին մուտք գործելու համար հայկական ձեռնարկություններն ունեն առավելություններ և արտոնություններ: Հարևան Իրան - 80 միլիոնանոց շուկա, սահմանին ազատ տնտեսական գոտի, իսկ ԵԱՏՄ մակարդակով վարվում են բանակցություններ՝ առևտրային հատուկ ռեժիմներ ունենալու վերաբերյալ: Եվրամիություն և ԱՄՆ- GSP+ համակարգ, որը հնարավորություն է տալիս հայկական ապրանքներն արտոնյալ ռեժիմներով հասցնել ԵՄ և ամերիկյան շուկաներ։ Ավելին ասեմ, Եվրամիության հետ այս նոյեմբերին ստորագրվող համաձայնագիրն առավել կխորացնի այդ համագործակցությունը։ Հարևան Վրաստան-ազատ առևտրի համաձայնագիր»:

«Մենք ճիշտ ուղու վրա ենք, որի մասին խոսում են ընթացիկ ցուցանիշները. տնտեսական ակտիվության աճ՝ 6.2 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ոլորտի աճ՝ 12.7 տոկոս, պետական բյուջեի մուտքերի աճ՝ 6 տոկոս, իսկ ավելացված արժեքի հարկի վերադարձի պայմաններում՝ 9.3 տոկոսի աճ՝ միաժամանակ նվազեցնելով ձեռնարկությունների ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 47.8 տոկոսով, արտահանման աճ՝ 21.6 տոկոս, ներմուծման աճ 28.5 տոկոս, և որի կառուցվածքն է մեզ հուսադրում, մոտ 24.3 տոկոսով ավելացել է դեպի Հայաստան այցելությունների քանակը», - հայտարարեց վարչապետը:

«Գիտակցում ենք, որ մեկ տարվա աշխատանքի այս արդյունքները դեռ բավարար չեն Հայաստանի բնակիչների կյանքը որակապես փոխելու համար։ Պետք է ակտիվ շարունակենք այն ամենը՝ միաժամանակ մշակելով և իրականացնելով նոր ծրագրեր», - ասաց Կարեն Կարապետյանը:

«Ինչպես արդեն նշել եմ տարեսկզբին՝ դիմելով Սփյուռքի մեր հայրենակիցներին, Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ: Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելը և հզոր ու բարեկեցիկ Հայրենիք ունենալը: Սա մեզ թույլ է տալու ամուր դիրք ունենալ և մեր երկրի շահերը թելադրել և հաջողությամբ առաջ տանել ապագայի աշխարհում», - շեշտեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG